Երեւան: Մեդիամաքս: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ երկրի իշխանությունները հարկային եկամուտների հավաքագրման մասով պետք է ավելի համարձակ քայլերի գնան: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով կառավարության կողմից ԱԺ ներկայացված հարկային նոր փաթեթի մասին՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ սկզբնական շրջանում ՀՅԴ-ն փաթեթի առնչությամբ լուրջ մտահոգություն ուներ եւ հորդորել է կառավարությանը թեթեւացնել հարկային բեռը, հատկապես փոքր եւ միջին ձեռներեցության վրա: “Բյուջետային եկամուտները մեր երկրում շարունակում են մնալ ցածր եւ չեն գերազանցում ՀՆԱ 17%-ը: Բացի այդ, մեր երկրում ստվերային տնտեսությունը գտնվում է 40%-ի միջակայքում: Սա նշանակում է, որ մենք բավականաչափ չօգտագործված ռեսուրսներ ունենք, եւ հարկային եկամուտների մասով ավելի համարձակ պիտի լինենք”,- ասել է պատգամավորը: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է, որ կոալիցիան շուրջ մեկ ու կես ամիս մանրակրկիտ աշխատել է նոր հարկային փաթեթի վրա, որը նախատեսում է հարկային բեռի ավելացում խոշոր բիզնեսի համար: Նրա խոսքով, նոր հարկային փաթեթը 2-3 անգամ քննարկվել է գործարարների հետ, եւ որևէ բողոք նրանցից չի եղել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ մտահոգություն է հայտնել, որ վերոհիշյալ հարկային փաթեթը դեռ չի հրապարակվել: “Հարկային բարեփոխումներն որքան բաց լինեն, այնքան դրանից կշահեն պետությունը, հասարակությունը եւ իշխանությունները”,- ասել է Բագրատ Ասատրյանը: Tweet Դիտում՝ 4490