Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ համաշխարհային տնտեսությունը դեռեւս 2007-2008 թվերին մտել է երկարատեւ անկայունության փուլ, որը կարող է տեւել մինչեւ 25 տարի:Նրա խոսքով, այս պայմաններում բոլորից շատ տուժում են աշխատուժ արտահանող երկրները, ինչպիսիք են, մասնավորապես, Հայաստանը, Ուկրաինան եւ Լատվիան, որոնք իրենց սեփական շուկայում ունեն աշխատուժի պակասուրդ:Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական դիմադրողականությունն ու զարգացումն ապահովելու կարեւորագույն քայլերից է դրսից եկող օգնության «ստերիլիզացումը»: «Հայաստանը տարեկան ստանում է $2-3 մլրդ-ի տրանսֆերտներ, որոնք արհեստականորեն պահում են դրամի փոխարժեքը: Եթե գալիս է $2 մլրդ-ի տրանսֆերտ, նույնքան դոլար պետք է գնվի Կենտրոնական բանկի կողմից եւ ավելացվի պահուստներին: Պահուստների հիման վրա պետք է ստեղծվի կայունացման հիմնադրամ, որի հաշվին կֆինանսավորվի տնտեսության զարգացումը: Հիմնադրամի հաշվին վարկավորման տոկոսադրույքները 14-15%-ից պետք է իջեցվեն մինչեւ 3-4%»,- ասել է Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ արդյունքում ձեռներեցների մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ պետք է կազմի 40%: Ըստ նախկին վարչապետի, երբեք չի կարելի թույլ տալ դրամի արժեւորում, քանի որ աշխարհում մաքսատուրքերի իջեցման հետեւանքով ազգային արժույթների արժեւորումը հարվածում է տնտեսությունների մրցունակությանը: Որպես օրինակ Հրանտ Բագրատյանը նշել է այն փաստը, որ 2010թ. Հայաստանի արտահանած $1 մլրդ-ն իր արժեքով ավելի քիչ է, քան 1996թ. արտահանած $323 մլն-ը: Հրանտ Բագրատյանն ասել է նաեւ, որ պետք է անցում կատարել պրոգրեսիվ հարկման համակարգին եւ բացառել կառավարության որոշմամբ երաշխիքների եւ հարկային արտոնությունների տրամադրումը, ինչն առավելապես ուղղված է խոշոր բիզնեսին: Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհներին՝ նախկին վարչապետն ասել է, որ մենաշնորհային դիրք զբաղեցնող տնտեսվարողներին հարկավոր է ոչ թե տուգանել դիրքի չարաշահման համար, այլ պետք է ավելացնել նրանց շահութահարկը ընդհուպ մինչեւ 70%: «Հակառակ դեպքում, ցանկացած մենաշնորհ պատրաստ է վճարել տուգանքը եւ շարունակել չարաշահումները»,- ասել է Հրանտ Բագրատյանը: Tweet Դիտում՝ 1777