Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում սպասվում է ընդերքօգտագործման հարկման մեխանիզմների փոփոխությանը վերաբերող օրինագծերի փաթեթի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է գանձել ռոյալթին (նոր օրենսդրությամբ՝ընկերության հասույթից հաշվարկվող հարկատեսակ, որում միավորված են բնօգտագործման վճարը եւ այսպես կոչված «գերշահույթի հարկը», որը գանձվում է, երբ ընկերության շահութաբերությունն անցնում է 25%-ից) ոչ միայն արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, այլ նաեւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար, ինչը, փաստացի, նշանակում է, որ անտեսվել են ոլորտի մասնակիցների առաջարկները՝ չգանձել ռոյալթի վերամշակման դիմաց:Ս.թ. հունիսին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Վալլեքս խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը տեսակետ էր հայտնել, որ հասույթի որոշման ժամանակ պետությունը պետք է հիմք ընդունի միայն հանքարդյունահանմամբ, եւ ոչ թե հետագա վերամշակմամբ պայմանավորված գործունեությունը: «Եթե որեւէ հանքարդյունահանող ձեռնարկություն իրականացնում է նաեւ հետագա վերամշակման բազմաթիվ փուլեր, ապա, որքան էլ դա տարօրինակ չհնչի, պետությունը ռոյալթիների հաշվարկման համար հիմք է ընդունում վերջնական արտադրանքի արժեքը: Թե՛ գործող օրենքով, թե՛ առաջարկվող նախագծով պետությունը, ըստ էության, պատժում է տնտեսվարողին՝ ավելի մեծ ավելացված արժեք ապահովելու համար, եւ դա, մեր համոզմամբ, խիստ անարդարացի է: Պետության դիրքորոշումն այս հարցում, պետք է լինի հանքային հումքի հետագա վերամշակման խորացմանը հնարավորինս նպաստելը, ոչ թե հակառակը», - ասել էր Գագիկ Արզումանյանը: ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ ռոյալթին չի գանձվի այն ընկերություններից, որոնք զբաղվում են միայն վերամշակմամբ, իսկ արդյունահանող եւ այնուհետեւ վերամշակող ընկերություններն, այնուամենայնիվ, պետք է վճարեն այն:Փոխարենը, առաջին ընթերցումից հետո օրինագծերի հեղինակները լրամշակել են դրանք՝ ընդունելով ռոյալթի վճարողի շահութաբերության նորմայի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք նվազեցումները, որոնք մինչ այդ հաշվի չէին առնվել:Մասնավորապես, այն նվազեցումները, որոնք հիմնական միջոցների ամորտիզացիայի մասով թույլատրվում են «Շահութահարկի մասին» օրենքով, թույլատրվելու է նաեւ ռոյալթիների հաշվարկման ժամանակ:Վախթանգ Միրումյանի խոսքերով, նվազեցումները չեն վերաբերի նախորդ տարիների հարկային վնասներին, որովհետեւ դրանց առաջացումը պայմանավորված չէ հանքի օգտագործման հետ: «Հանքի շահագործման առաջին տարում կարող են կատարվել խոշոր ներդրումներ եւ ֆինանսական արդյունքներով առաջանան հարկային վնասներ, բայց ընդերքն, այնուամենայնիվ, օգտագործվում է եւ պետությունը պետք է գանձի ընդերքօգտագործման վճար»,- ասել է Վախթանգ Միրումյանը:Ըստ նրա, եթե նոր օրենսդրությունը գործեր 2010թ-ին, ապա նախնական գնահատականներով հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված հարկերի ծավալը կգերազանցեր անցյալ տարվա ցուցանիշը շուրջ 2.7 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 1856