Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք եւ կարգավորում» թեմայով միջազգային կոնֆերանսը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի նախաձեռնությամբ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հատուկ ուշադրություն դարձրել այն փաստի վրա, որ այս կոնֆերանսը ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների տարածաշրջանային ասոցիացիաների (Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի - ԵԿԴԱ եւ ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիաների - ԱՊՀ ԲՄԱ) առաջին համատեղ միջոցառումն է:Նա համոզմունք է հայտնել, որ մեր տարածաշրջանի բորսաները եւ դեպոզիտարիաները պետք է համախմբեն ուժերը՝ կապիտալի շուկաների առաջանցիկ զարգացում ապահովելու համար: Պատմելով միջազգային OMX բորսայական օպերատորի Հայաստան ներգրավման մասին, Ներսես Երիցյանն ասել է, որ այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանը ձերբազատվեց ենթակառուցվածքներն ինքնուրույն ձեւավորելու երկարատեւ աշխատանքից եւ այժմ կանգնած է NASDAQ OMX-ի մյուս շուկաների հետ ինտեգրման ճանապարհին:«NASDAQ OMX-ի Հայաստանում գործելու առաջին երեք տարիների ընթացքում շատ աշխատանք է արվել, սակայն արդյունքները դեռեւս բավարար չեն», - ասել է Ներսես Երիցյանը, համոզմունք հայտնելով, որ մոտակա տարիներին, հատկապես, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում, Հայաստանի կապիտալի շուկան բուռն աճ կապրի: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների եւ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների եւ ֆոնդային բորսաների ղեկավարներ, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի ընթացքում, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, քննարկվելու են բորսաների եւ դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման եւ միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական եւ կարգավորման հարցերը, ինչպես նաեւ լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները: Կոնֆերանսի թեմաների եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը: Tweet Դիտում՝ 5270