Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 27-ին ընդունել է գերմանական Բաադեր (Baader Bank AG) ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերին:Հայաստանում Բաադեր բանկի գործընկերն է Պրոմեթեյ բանկը: Նշվել է, որ Բաադեր-ի բանկի համագործակցությունը Պրոմեթեյ բանկի հետ հնարավորություն կտա գերմանական բանկի գլոբալ ցանցի միջոցով հայաստանյան ֆինանսական ինստիտուտները ներգրավել գլոբալ ֆինանսական շուկաներ: Ուտո Բաադերը ներկայացրել է իր ղեկավարած բանկի գործունեությունը եւ նշել, որ այն հիմնականում նպատակաուղղված է ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման, «Նաիրիտ» գործարանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի եւ Սեւանի տարածքում մարզական համալիրի կառուցման ծրագրերի վերաբերյալ: Ուտո Բաադերը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել քննարկված ծրագրերը:Կողմերը քննարկել են Հայաստանի պարտատոմսերի շուկայի ներկայիս վիճակը եւ համագործակցության հնարավոր ուղիները: Tweet Դիտում՝ 5426