Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Ալմաստ» գործարանը նախապատրատվում է դուրս գալ եվրոպական շուկա: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր հայտարարել է գործարանի գործադիր տնօրեն Վահրամ Թեփելիկյանը: Նա ասել է, որ անցյալ տարվա համեմատ գործարանը գրանցել է արտահանման ծավալների աճ, որը հիմանականում պայմանավորված է նոր շուկաներ մուտք գործելով: «Դա հիմնականում իրանական շուկան է: Աշխատանքներ են տարվում եվրոպական շուկա մուտք գործելու համար: Մեր արտադրանքի որոշ մասը արտահանվում է նաեւ ԱՄՆ: Պատրաստվում ենք նաեւ ռուսական շուկա դուրս գալ եւ հիմա այդ երկրում գործընկերներ ենք փնտրում»,- ասել է Վահրամ Թեփելիկյանը: Նա նշել է, որ արդեն մշակման փուլում է գտնվում գործարանի ներդրումային ծրագիրը: Թեփելիկյանը հավելել է, որ ներկայումս գործարանը աշխատում է իր հզորության 15-20%-ի չափով:«Ալմաստ» ԲԲԸ-ն 2011թ. hունվար-հուլիս ամիսներին թողարկել է 81.5 մլն դրամի արտադրանք, որն ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Իրացվել է 77 մլն դրամի արտադրանք, որից 29.4 մլն դրամի արտադրանքն արտահանվել է: Ներկայումս գործարանում աշխատում է 65 հոգի: Tweet Դիտում՝ 5888