Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» /ՀԷՑ/ ընկերության ներդրումների բաժնի պետ Յուրի Գավրիլենկոն կարծում է, որ ընկերության կողմից պարտադիր ներդրումները արեւային էներգիայի ասպարեզում կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների զգալի աճին:Յուրի Գավրիլենկոն ասել է այս մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում` մեկնաբանելով ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի համակարգող Արա Մարջանյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԷՑ-ին հարկավոր է պարտադրել խթանել արեւային էներգետիկայի զարգացումը:ՀԷՑ-ի ներդրումների բաժնի պետն ասել է, որ Հայաստանի տարածքի զգալի մասը ենթարկվում է բարձր ինսոլիացիայի, ինչը վկայում է արեւային էներգետիկայի զարգացման մեծ հնարավորությունների մասին: Միաժամանակ, նշել է Յուրի Գավրիլենկոն, Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման ճանապարհին մի շարք խնդիրներ կան:Դրանցից մեկը Հայաստանի էլեկտրացանցերի ենթակառուցվածքի մեկուսացումն է էլեկտրաէներգիայի պակաս ունեցող տարածաշրջանային խոշոր սպառողներից, ասել է նա Մեդիամաքսի հետ հարցազրույցում:«Հելիոէլեկտրաէներգետիկան արտադրության մեծ անհավասարություն ունի ինչպես օրեկան , այնպես էլ տարեկան ցիկլում: Մեկուսացման եւ արտադրության գագաթնակետի փոխհատուցման եւ էլեկտրաէներգիայի սպառման անհնարինության պայմաններում արեւային էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը կարող է որոշ ժամանակ կանգնեցվել: Հետեւաբար, ստիպված կլինենք ստեղծել հիդրոպահեստավորման կայաններ, ինչը ավելի կկրճատի համակարգի ընդհանուր արդյունավետությունը»,- ասել է ՀԷՑ-ի ներկայացուցիչը:Յուրի Գավրիլենկոն նշել է նաեւ, որ արեւային էներգետիկայի տեխնոլոգիաները գտնվում են զարգացման սկզբնական փուլում, այդ պատճառով էլ շատ թանկ արժեն: «1 կՎտ-ի ինքնարժեքը (ներառյալ ամորտիզացիան) կազմում է 90-100 դրամ, իսկ ֆոտոգալվանիկ կայանների համար` 500-600 դրամ»,- ասել է ՀԷՑ-ի ներդրումների բաժնի պետը:Նրա խոսքերով, ընկերության կողմից հարկադիր ներդրումները արեւային էներգետիկայի ասպարեզում կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների աճին:«Ոչ ավանդական եւ վերականգնվող աղբյուրներից ամենախոշոր հնարավորություններն այսօրվա դրությամբ ունի արեւային էներգիան, եւ այսօր ողջ աշխարհի միտումները ուղղված են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների արտադրության զարգացմանը: Միաժամանակ, մենք կարծում ենք, որ այսօր մենք պետք է օգտագործենք ՀԷՑ-ի արդեն իսկ առկա ռեսուրսները՝ միաժամանակ հիմնարար սկզբունքներ եւ պետական ռազմավարություն ստեղծելով այս ուղղությամբ: Վստահ ենք, որ մոտ ժամանակներս դա պահանջված կլինի»,- ասել է Յուրի Գավրիկենկոն: Tweet Դիտում՝ 5377