Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. I կիսամյակում ֆակտորինգի գործարքներից օգտված հաճախորդների թվաքանակն Ամերիաբանկում աճել է 47 %-ով:Ֆակտորինգով ֆինանսավորված գործարքների ծավալը ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքներով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 32%-ով: Ամերիաբանկը, սկսած 2010թ. նոյեմբերից, ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ /առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում/, համաձայն որի բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Բանկում նշում են, որ այդ ընկերությունների ցանկը (տեղակայված է www.ameriabank.am կայքում) շարունակ համալրվում է: Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ: Tweet Դիտում՝ 5959