Երեւան: Մեդիամաքս: Չնայած 2011թ. մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը չի փոխվել անցյալ տարվա նույն ամսի հետ համեմատ, սակայն կառուցվածքային փոփոխությունները դրական են, քանի որ շինարարության եւ ծառայությունների ոլորտներում անկումը չեզոքացվել է արդյունաբերական արտադրանքի աճով: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Նրա կարծիքով, դրական միտում է նաեւ արտահանման աճը, որն ընթանում է ավելի արագ տեմպերով, քան ներմուծումը: Մանուկ Հերգնյանը նշել է, որ տնտեսության աճի դանդաղեցման մեջ դերակատարում ունի նաեւ ներդրումային ակտիվության նվազումը` պայմանավորված անկայուն իրավիճակով եւ սպասելիքներով, որոնք, իրենց հերթին, կապված են քաղաքական ցիկլի հետ: «Որպես կանոն, որքան մոտենում են ընտրությունները, այնքան նվազում է ներդրումային ակտիվությունը»,- ասել է Մանուկ Հերգնյանը: Փորձագետը չի բացառել նաեւ տնտեսական աճը զսպելու վրա խիստ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը, նշելով, սակայն, որ այն ազդում է որոշակի ժամանակային լագով եւ, հետեւաբար, դեռեւս չի կարող ամբողջապես արտացոլվել մարտին գրանցված տնտեսական ցուցանիշներում: «Կարծում եմ, Հայաստանում դրամավարկային քաղաքականությունն այնքան էլ արդյունավետ չէ` գների աճը զսպելու տեսանկյունից, քանի որ դրամավարկային փոխանցման մեխանիզմը Հայաստանում չի գործում նույնպիսի արդյունավետությամբ, ինչպես զարգացած երկրներում: Փոխարենը, խստացումը ուղղակի ազդեցություն է ունենում վարկային ակտիվության վրա»,- ասել է Մանուկ Հերգնյանը: Ըստ փորձագետի, Հայաստանի տնտեսության հետճգնաժամային վերականգնումը տեղի է ունենում շատ դանդաղ, ինչը պայմանավորված է մեր երկրի տնտեսության հիմնարար կառուցվածքային խնդիրներով: «Ճգնաժամին նախորդող 10 տարիների ընթացքում տեղի էր ունենում արագ տնտեսական աճ, սակայն չէին լուծվում տնտեսության ֆունդամենտալ կառուցվածքային խնդիրները: Այս խնդիրներն իրենց զգացնել են տվել ճգնաժամի ընթացքում եւ շարունակում են զգացվել հիմա»,- ասել է «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի տնօրենը: Tweet Դիտում՝ 7508