Երեւան: Մեդիամաքս: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով “բարձր գնաճային ճնշումները առաջիկայում Հայաստանի ուղեկիցն են դառնալու”:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բագրատ Ասատրյանն այսօր ասել է, որ “սա մեզանում ձեւավորված տնտեսական մեխանիզմի գործունեության հետեւանքն է, քանի որ գոյություն ունեն մենաշնորհներ, օլիգարխիա, քաղաքական դաշտը զավթել են տնտեսվարողները, իսկ տնտեսությունը զավթել են պաշտոնյաները”: Նրա խոսքերով, ՀՀ տնտեսական համակարգը այնպիսին է, որ ԿԲ-ի գործիքները արդյունավետ չեն: «Պետք է գնալ կառուցվածքային բարեփոխումների` ներառյալ օրենսդրական, հարկային եւ մաքսային բարեփոխումները», - ասել է Բագրատ Ասատրյանը:«Վիճակը ողբերգական չէ, ավելի վատ օրեր են եղել, ուղղակի այսօրվա իշխանությունները չունեն աշխատելու ցանկություն»,- ասել է տնտեսագետը:ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն էլ իր հերթին ասել է, որ «ՀՀ-ում գնաճի վրա ազդող ներքին գործոններ կան, որոնք հիմնականում սուբյեկտիվ են եւ կան արտաքին գործիքներ, որոնք հիմնականում օբյեկտիվ են»:«Գնաճը կարելի է կառավարելի դարձնել` ազդելով ներքին սուբյեկտիվ գործոնների վրա: Տնտեսական մրցակցության համար պայմանների ստեղծումը եւ բարձր գների պայմաններում նաեւ լրացուցիչ աշխատատեղերի ու աշխատավարձերի ապահովումը շատ ավելի կարեւոր գործիք է, քան որոշ ժամանակ գների արհեստական զսպումը»,-ասել է Արա Նռանյանը: Tweet Դիտում՝ 6896