Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն» այսօր համաձայնագիր են ստորագրել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ հաճախորդների շահերի պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը, համաձայնագիրը նախատեսում է տեղեկատվության փոխանակում, հասարակության իրազեկում, ԱՊՊԱ հաճախորդների շահերի պաշտպանության համատեղ միջոցառումների կազմակերպում: ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՊՊԱ ներդրման ընթացքում գրասենյակը ստացել է բազմաթիվ հեռախոսային բողոքներ եւ 29 գրավոր դիմում-բողոք: «Առկա է ԱՊՊԱ մասին մարդկանց թույլ իրազեկվածության խնդիրը, քանի որ քաղաքացիների շատ պահանջներ չեն համապատասխանում մեր գրասենյակի գործունեության ձեւաչափին»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: Վահան Ավետիսյանն ասել է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ Բյուրոն կստանա օպերատիվ տեղեկատվություն ԱՊՊԱ կանոնների խախտման վերաբերյալ եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի: Բյուրոյի տնօրենն ասել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների սեփականատերերի շուրջ 83%-ը արդեն ձեռք է բերել ԱՊՊԱ վկայագիր: Պատասխանելով խոշոր հատուցումներ ստանալու նպատակով վարորդների կողմից հնարավոր խարդախումների մասին Մեդիամաքսի հարցին` Վահան Ավետիսյանն ասել է, որ եղել են ճանապարհատրանսպորտային պատահարի /ՃՏՊ/ սցենարը փոխելու փորձեր, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել: Նրա խոսքերով, ԱՊՊԱ մասին օրենքը լիովին հնարավորություն է տալիս դադարեցնել խարդախությունները: «2013 թվականից ուժի մեջ է մտնում բոնուս-մալուս համակարգը, որը կարգավորելու է ապահովագրավճարների ծավալը եւ վարելու է վարորդների ապահովագրական պատմությունը: Ես բոլորին կոչ եմ անում զերծ մնալ խարդախություններից, թեեւ ներկայումս Հայաստանում դրա հետ կապված լուրջ խնդիրներ չկան»,- ասել է Բյուրոյի տնօրենը: Tweet Դիտում՝ 7745