Երեւան/Մեդիամաքս/ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել պարզեցնել շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման կարգը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ այդ որոշումը էապես կազդի բիզնես վարելու վարկանիշում ՀՀ դիրքի բարելավման վրա: Վարչապետի խոսքերով, եթե ներկայումս թույլտվություն ստանալու համար ձեռնարկատերերը ստիպված են սպասել նվազագույնը 137 օր` անցնելով 20 ընթացակարգ եւ ծախսելով ավելի քան 1 մլն դրամ, ապա նոր կարգի ընդունումից հետո բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման ժամկետը կկրճատվի մինչեւ 27 օր, իսկ ընթացակարգերի քանակը կհասնի 7-ի: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն ասել է, որ նոր կարգը զգալիորեն կկրճատի ծախսերն ու կոռուպցիոն ռիսկերը, որոնց կարող են բախվել շինարարները, քանի որ այսօրվա որոշմամբ վերացվում են շինարարության բոլոր ստուգումները, բացի պետական քաղաքաշինական գերատեսչության մեկ ստուգումից, որն անցկացվելու է շինարարական աշխատանքների սկզբում: Այսօրվա որոշման համաձայն, ճարտարապետական ծրագրի հաստատումը, ջրամատակարարման, կապի եւ էլեկտրամատակարարման խնդիրների լուծումը միավորվում է մեկ ընդհանուր ընթացակարգում, որը վարելու է այն համայնքը, որտեղ ընթանում է շինարարությունը: Tweet Դիտում՝ 6468