ԿԲ-ն կանխատեսում է դրամային ավանդների աճի բարձր տեմպ

04.02.2011 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկն ընթացիկ առաջին կիսամյակի համար կանխատեսում է 12-ամսյա ինֆլյացիայի կողմնորոշիչ ցուցանիշ 9,5%-ի մակարդակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ԿԲ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ԿԲ կանխատեսումների համաձայն, 2011թ. առաջին կիսամյակում գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, ինչը պայմանավորված կլինի նախորդ տարվա վերջից փոխանցված` առաջարկի շոկերով, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի աննախադեպ բարձր գնով եւ հիմնական սննդամթերքի եւ հումքային ապրանքատեսակների համաշխարհային գների աճով:

«Երրորդ եռամսյակից սկսած, նշված ցնցումների հաղթահարման պայմաններում, գնաճի տեմպը կկրճատվի, եւ տարեվերջին կողմնորոշիչ ցուցանիշը կանխատեսվում է 5.3%-ի մակարդակում: Բացի այդ, անորոշությունների առկայության դեպքում բարձր է կանխատեսվող մակարդակից գնաճի շեղման հավանականությունը աճի ուղղությամբ: Այս տարի 41% հավանականությամբ ինֆլյացիան կկազմի 5.5-7.5%»,- նշվում է ծրագրում:

Ծրագրում ասվում է, որ ինֆլյացիայի կանխատեսումների շեղման հավանականությունը պայմանավորված է սննդամթերքի եւ հումքի ավելի բարձր միջազգային գների հնարավոր ձեւավորմամբ համաշխարհային տնտեսության առավել դինամիկ վերականգնման պայմաններում; ներքին ինֆլյացիոն ճնշումներով (ներքին պահանջարկի ավելի արագ վերականգնում եւ ծխախոտի հարկման ընդհանուր ռեժիմին անցնելու եւ ակցիզահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ); ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով (ի տարբերություն այլ հանգամանքների, այստեղ գերակշռում են ինֆլյացիոն ճնշումների նվազեցման ռիսկերը):

«Հաշվի առնելով վերոնշյալը` գնաճը թիրախային ցուցանիշին (4%) մոտեցնելու նպատակով հարկ է խստացնել դրամավարկային քաղաքականությունը` զուգահեռաբար առաջարկելով ապադոլարիզացման միջոցներ»,- ասվում է ԿԲ ծրագրում:

Ապադոլարիզացման միջոցառումների արդյունքում 2011թ. սպասվում է դրամային զանգվածի առաջադիմական աճ դրամական զանգվածի նկատմամբ: 2011թ. դրամական եւ դրամային զանգվածների աճն ակնկալվում է, համապատասխանաբար, 16% եւ 22,2%-ի մակարդակում, իսկ դրամական բազայի աճն ընթացիկ տարում նախատեսվում է 12,3%-ի սահմաններում:

«Տնտեսության դոլարիզացման նվազեցումը կհանգեցնի դրամային ավանդների աճի տեմպի արագացմանը դոլարայինների նկատմամբ, ինչպես նաեւ շրջանառության մեջ դրամի առկայության 13% աճին»,- նշում են ԿԲ-ում:

2011թ. տնտեսության վարկավորման աճի տեմպը, ԿԲ գնահատմամբ, կլինի ավելի զուսպ, քան 2010թ. (18%` 2010թ. տնտեսության վարկավորման 27% աճի փոխարեն), ինչը հիմնականում պայմանավորված կլինի ծրագրվող դրամավարկային քաղաքականության խստացմամբ:

Դիտում՝ 7457
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW