Երեւան/Մեդիամաքս/. Այս տարի ՀՀ տրանսպորտի եւ կապի ոլորտում կիրականացվի 36 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ 14 ծրագիր: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարում նախատեսվում է վերանորոգել 290 կմ ճանապարհ, 6 կամուրջ եւ իրականացնել ճանապարհների պահպանման եւ շահագործման աշխատանքներ: Այդ նպատակների համար նախարարությունը մտադիր է հատկացնել 5.5 մլրդ դրամ: 2011թ. առաջնահերթություններից մեկը կլինի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու շինարարության նախագծման աշխատանքների կազմակերպումը: Մանուկ Վարդանյանն ասել է, որ նոր` 32 կմ երկարությամբ երկաթուղին Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան ուղղությունը կկապի Թբիլիսի-Գյումրի-Մասիս ուղղությանը` ապահովելով երկաթուղային փոխադրումների հեռավորության ու արժեքի զգալի նվազում: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացնեն «Ռուսական երկաթուղի» ընկերությունը եւ ՀՀ կառավարությունը, որը Կայունացնող ֆոնդի միջոցներից կհատկացնի $49,9 մլն: Նախարարն ասել է նաեւ, որ այս տարի կմշակվի Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթուղու շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Նրա խոսքերով, 2011թ. կապի ոլորտում նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում, որոնց համաձայն, նախատեսվում է կարգավորել տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի եւ քաղաքականության ներդրման խնդիրները երկրի կապի ոլորտում: Tweet Դիտում՝ 6492