Երեւան/Մեդիամաքս/. Բարձր գնաճը Հայաստանում հիմնականում պայմանավորված է ներքին գործոններով` մենաշնորհներով եւ ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշռով:Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:«Գնաճի մասին խոսելիս, իշխանությունները հղում են կատարում արտաքին գործոնների վրա: Իրոք, շատ երկրներ սեփական տնտեսությունները խթանելու համար գնացին ընդլայնողական քաղաքանության, սակայն, եթե դիտարկենք, օրինակ, եվրոպական երկրներում ներկայիս գնաճը, կհամոզվենք, որ այն խելամիտ սահմաններում է: Այստեղից հետեւություն. բարձր գնաճը Հայաստանում հիմնականում պայմանավորված է ներքին գործոններով` մենաշնորհներով եւ ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշռով»,- ասել է Բագրատ Ասատրյանը:Նա ասել է, որ տարեսկզբից 8%-ը գերազանցող գնաճը զսպելու համար ԿԲ-ն գործի է դնում բոլոր առկա միջոցները, որոնց արդյունավետությունը, սակայն, ցածր է: «Այդ իսկ պատճառով գնաճը զսպելու համար ԿԲ-ն կրկին դիմում է արժութային ինտերվենցիաների միջոցով դրամի ամրապնդման արատավոր պրակտիկային», - ասաց Բագրատ Ասատրյանը, փաստելով, որ 2009թ. դեկտեմբերի հետ համեմատ հայկական արժույթը դոլարի, եվրոյի եւ ռուբլու նկատմամբ արժեւորվել է, համապատասխանաբար, 5,5%, 15% եւ 7%-ով: Մեկնաբանելով կառավարության ֆինանսատնտեսական բլոկում տեղի ունեցած վերադասավորումները, ԿԲ նախկին ղեկավարը նշել է, որ դրանք պայմանավորված չեն համակարգային փոխակերպումներով եւ չեն բերի որակական փոփոխությունների: Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ Ներսես Երիցյանը, զբաղեցնելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը եւ չկարողանալով որեւէ բան փոխել համակարգում, «միայն վնաս հասցրեց սեփական հեղինակությանը»:ԿԲ նախկին ղեկավարը բարձր է գնահատել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանի մասնագիտական կարողությունները, ափսոսանք հայտնելով, որ պետական կառավարման արատավոր համակարգի պայմաններում, նա չի կարողանա արժանապատվորեն օգտագործել իր գիտելիքները: Tweet Դիտում՝ 7424