Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում առավել ծանր հարկային բեռը բաժին է ընկնում փոքր եւ միջին ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Այդ մասին ասվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC, Համաշխարհային Բանկի խմբի անդամ) կողմից ՀՀ հարկային դաշտում անցկացված հետազոտության արդյունքներում:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՄՖԿ մամուլի ծառայությունում, հետազոտությունը վեր է հանել հայաստանյան ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար առավել ծախսատար ու բարդ հարկային ընթացակարգերը` առաջարկելով Հայաստանում հարկման գործընթացը պարզեցնելուն եւ ընդհանուր գործարար միջավայրը բարելավելուն ուղղված բարեփոխումներ: Օրինակ, մոտավորապես մինչեւ 5 մլն դրամ (շուրջ $14 հազ.) շրջանառություն ունեցող ընկերությունները հարկային օրենսդրության պահանջները կատարելու նպատակով ծախսում են իրենց շրջանառության գրեթե 17,5%-ը, մինչդեռ 58,35 մլն դրամ եւ ավել ($160 հազ.) շրջանառությամբ խոշոր ընկերությունները ծախսում են միայն 0,4%-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ առեւտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող ընթացակարգերը առավել ժամանակատար են:ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքի կարծիքով, հետազոտությունը Հայաստանի կառավարությանը կօգնի բացահայտել կատարելագործման կարիք ունեցող ոլորտները: «ՄՖԿ-ի փորձագետներն այժմ մշակում են առաջարկություններ կառավարությանը գործարար միջավայրի բարելավման գործում օգնելու նպատակով, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների առումով, որոնք կրում են հարկային համապատասխանության ամենածանր բեռը»,- ասել է նա: Տվյալները ստացվել են 1000 հայաստանյան ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում, որի շրջանակներում տրվող հարցերը վերաբերել են 2009թ. ֆինանսական տարվան: Հարկային համապատասխանության արժեքը չի վերաբերում իրականում վճարված հարկերին, այլ իրենից ներկայացնում է հարկերը վճարելու վարչական ծախսը, ինչպես օրինակ` այն ժամանակի արժեքը, որը հաշվապահները ծախսում են հարկերը հաշվարկելու, հարկային հաշվետվություններ կազմելու եւ այլնի վրա: Tweet Դիտում՝ 6932