Երեւան/Մեդիամաքս/. Ոչ հավասար մրցակցային պայմաններն ու կոռուպցիան խիստ դանդաղեցնում են Հայաստանի տնտեսական զարգացումը, այսօր Երեւանում հայտարարել է BSC ուսուցողական-խորհրդատվական ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում Սամվել Գեւորգյանը երկրի ղեկավարությանը կոչ է արել արագացնել տնտեսական բարեփոխումների տեմպը` կարծիք հայտնելով, որ «եթե մենք ուշանանք եւս մի քանի տարի, ապա արդեն չափազանց ուշ կլինի»: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները շատ ուշացած են արձագանքում համաշխարհային մարտահրավերներին, ինչը հանգեցնում է երկրի մրցունակության նվազեցմանը: «ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությամբ Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցնում է 159-րդ տեղը, ինչը պատկերավոր ցույց է տալիս ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի ծավալները»,- ասել է Սամվել Գեւորգյանը: Նա ընդգծել է ՀՀ մարզռրի հավասարաչափ զարգացման կարեւորությունը տնտեսության` զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառների խրախուսման եղանակով: Նա նշել է նաեւ, որ որեւէ հատվածն առաջնահերթ հռչակելը ենթադրում է որոշակի արտոնություններ, իսկ Հայաստանի դեպքում «դրանք միայն խոսքեր են»: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշել է, որ փոքր եւ միջին բիզնեսի հատվածը ապահովում է ՀՆԱ ընդամենը 42%-ը եւ մինչեւ 250 հազար աշխատատեղ այնպիսի պայմաններում, երբ երկրում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 1.1 մլն: Գագիկ Մակարյանը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ ՓՄՁ աճի տեմպը ցածր մակարդակի վրա է (տարեկան 0.6%)` դա պայմանավորելով շուկայական մրցակցության ոչ հավասար պայմաններով, աշխատանքի ցածր արտադրողականությամբ, որակյալ մենեջմենթի բացակայությամբ եւ ֆինանսական միջոցների անհասանելիությամբ: Tweet Դիտում՝ 13663