Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կապիտալի շուկայի ակտիվացման խնդիրը պետք է լուծվի դրան ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցության ապահովման միջոցով, ասել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը այսօր Երեւանում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» ֆորումում Կարեն Զաքարյանն ասել է, որ հայաստանյան ինստիտուցիոնալ ներդրողները, մասնավորապես, ապահովագրական ընկերությունները, ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամները, կամ դեռեւս գոյություն չունեն, կամ չափազանց պասիվ են: Կարեն Զաքարյանի խոսքերով, այդ խնդրի լուծման համար պետք է ինստիտուցիոնալ ներդրողներին թույլ տալ ներդրումներ կատարել ֆոնդային բորսայի ամենաբարձր չափանիշում («A» ցուցակ) ցուցակվող ընկերությունների բաժնետոմսերում: Ֆոնդային բորսայի ղեկավարի տեղակալը ներկայացրել է Լեհաստանի փորձը, որի օրենսդրությունում ինստիտուցիոնալ ներդրողներին թույլատրվում է ներդնել Վարշավայի ֆոնդային բորսայում ցուցակվող ընկերությունների արժեթղթերում: «Դա հանգեցրել է նրան, որ կապիտալի լեհական շուկան մի քանի տարվա ընթացքում արձանագրել է բազմակի աճ»,- ասել է Կարեն Զաքարյանը: Նա նշել է, որ այդ լույսի ներքո Լեհաստանի վրա ճնշում է գործադրվում ԵՄ կողմից, ինչը, սակայն, չի սպառնում Հայաստանին, որը Եվրամիության անդամ չէ: «Այստեղ, իհարկե, առկա է որոշակի ռիսկ, սակայն կարեւոր է ոչ թե չեզոքացնել ռիսկերը, այլ` կառավարել դրանք»,- ասել է Կարեն Զաքարյանը: Նա նշել է, նաեւ ներդրումային եւ բրոքերային ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Ներկայացնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հնարավորությունները` Կարեն Զաքարյանն ասել է, որ հայաստանյան ֆոնդային բորսան ունի տարածաշրջանի ամենալայն հնարավորությունները` նշելով, որ «եթե բորսան նման ռեսուրսներով աշխատեր Ռուսաստանում, ապա շատ հաջողակ կլիներ»: Tweet Դիտում՝ 16982