Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» այսօր հայտարարել է առանց գրավի անհրաժեշտության գնման պատվերի ֆինանսավորման եւ դասական ֆակտորինգի ծառայությունների մատուցման մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ներկայացնելով բանկի նոր ծառայությունները` բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանն ասել է, որ գնման պատվերի ֆինանսավորումը (puchase order financing) ենթադրում է ապրանքներ եւ ծառայություններ մատակարարողների ֆինանսավորում, ովքեր համապատասխան պայմանագիր են կնքել գնորդ ընկերության հետ, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պատվերը կատարելու համար: Առաջարկվող նոր ֆինանսավորման համար հիմնական ապահովվածության միջոց է հանդիսանում կողմերի միջեւ կնքված մատակարարման պայմանագիրը: Կողմերի վարկային լավ պատմության եւ գործարար բարի համբավի դեպքում բանկը ֆինանսավորում է պատվերի ընդհանուր արժեքի 75%-ը (սակայն ոչ ավել, քան $200 հազար)` տարեկան 16% տոկոսադրույքով: Պատվերի ֆինանսավորումն իրականացվում է դրամով, դոլարով եւ եվրոյով: Մարման առավելագույն ժամկետը 180 օր է: Անդրադառնալով դասական ֆակտորինգի ծառայությանը` Լեւոն Արեւշատյանն ասել է, որ այն ենթադրում է բանկի կողմից հետեւյալ ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջների գնում. «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ», «Երեւանի կոնյակի գործարան», «Երեւան Ջուր», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՀայՌուսգազարդ», «Հայկական ԱԷԿ», «Հարավկովկասյան երկաթուղի», «Ռուսալ-Արմենալ»: Դասական ֆակտորինգի դեպքում ֆինանսավորումը մատակարարին է տրամադրվում պատվերի կատարումից հետո, եթե նա ունի դրամական միջոցների կարիք մինչեւ գնորդի հետ հաշվարկի ժամկետը: Դասական ֆակտորինգի դեպքում ապահովվածության միջոց են հանդիսանում մատակարարի եւ գնորդի միջեւ կնքված պայմանագիրը եւ մատակարարված ապրանքների/ծառայությունների ընդունումը հավաստող փաստաթղթերը: Դասական ֆակտորինգի ծառայությունը տրամադրվում է դրամով, տարեկան սկսած 14% տոկոսադրույքից, 120 օր ժամկետով: Լեւոն Արեւշատյանը նշել է, որ այդ ծառայությունները նորարարություն են ՀՀ բանկային համակարգում, եւ բանկը որոշում է կայացրել դրանք ներմուծել` ուսումնասիրելով հաճախորդների պահանջմունքները: Tweet Դիտում՝ 18495