Երեւան/Մեդիամաքս/. «Հոգնած կառավարության գոյատեւման բյուջե» է անվանել 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այդ փաստաթուղթը վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունն ունակ չէ աշխատել եւ լուծել սկզբունքային տնտեսական խնդիրներ»,- այսօր ասել է ԿԲ նախկին ղեկավարը: Նա մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ վերջին տարիների համար աննախադեպ, մինչեւ տարեվերջ ակնկալվող 10% ինֆլյացիայի լույսի ներքո 2011թ. սոցիալական ծախսերը պետք է ավելանան ընդամենը 7,7%-ով: Ասատրյանի խոսքերով, ինֆլյացիան այսօր արդեն գերազանցում է 7,7%-ը: ԿԲ նախկին ղեկավարը կառավարությանը կոչ է արել ձեռնարկել գործուն միջոցներ «դոլարի, եվրոյի, յուանի եւ իենի միջեւ սկսվող արժութային պատերազմի կապակցությամբ»: Նրա խոսքերով, ներկայիս իրադրությունում պետք է ավելի հավասարակշռված կառավարել պահուստները եւ հնարավորինս շահույթ քաղել: Tweet Դիտում՝ 11439