Fitch-ը հաստատել է ՀՀ-ի «BB-» վարկանիշը եւ 2010թ. կանխատեսում է հայաստանյան տնտեսության 5% աճ

06.10.2010 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է ՀՀ թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով վարկանիշները /ԹԴՎ/ «BB-» մակարդակում` «կայուն» կանխատեսմամբ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Fitch Ratings-ի մամուլի ծառայությունում, գործակալությունը հաստատել է բանկի կարճաժամկետ ազգային արժույթով ԹԴՎ-ն «B», իսկ երկրային առաստաղի վարկանիշը` «BB» մակարդակում:

«ՀՀ տնտեսությունը վերականգնվում է այն բանից հետո, երբ 2009թ. երկրում արձանագրվեց տնտեսության ամենակտրուկ անկումներից մեկը աշխարհում: Իրական ՀՆԱ-ն դարձավ դրական, իսկ արժութային պահուստների եւ արտարժութային փոխարժեքի վրա ճնշումը թուլացավ»,- նշել է Fitch սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրեն Դեւիդ Հեսլամը:

Նրա խոսքերով, ԱՄՀ ընդլայնված ծրագիրն ամրացնում է տնտեսական քաղաքականության իրականացման վստահությունը, իսկ պաշտոնական արտաքին ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս իրականացնել անհրաժեշտ տնտեսական շտկումներ:

«Միաժամանակ, Հայաստանն ունի երկակի մեծ դեֆիցիտ (ընթացիկ հաշվի դեֆիցիտ եւ բյուջեի դեֆիցիտ), իսկ գլոբալ տնտեսական ցնցումների պայմաններում իրականացվող քաղաքականության թուլացումը 2009թ. զգալի տնտեսական անկման համադրությամբ լրջորեն ազդել է սուվերեն վարկունակության վրա` հանգեցնելով պետական եւ ընդհանուր արտաքին պարտքի ավելացմանը։ Իրավիճակի շտկման համար ժամանակ կպահանջվի»,- նշել է Դեւիդ Հեսլամը:

2010թ. արդյունքներով Fitch-ը կանխատեսում է ՀՀ ՀՆԱ 5% աճ: Գործակալությունը նշում է, որ տնտեսական աճը եւ եկամուտների լավ ցուցանիշները բարձրացնում են վստահությունը, որ կառավարությունը պետբյուջեի պակասուրդի մակարդակը կնվազեցնի մինչեւ ծրագրված ՀՆԱ-ի 4,9% ցուցանիշը:

Fitch-ի կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2008թ. ՀՆԱ-ի 14,9% նախաճգնաժամային ցուցանիշից 2012թ. կհասնի գագաթնակետին` 43%-ի, իսկ հետագայում աստիճանաբար կնվազի:

««BB» վարկանշային կատեգորիայի համար ՀՀ սուվերեն վարկանիշն ապահովվում է ուժեղ տնտեսական քաղաքականությամբ, պետական եւ արտաքին պարտքի սպասարկման ոչ ծանր բեռով եւ բավականին լավ տնտեսական կոնյունկտուրայով ։ Միաժամանակ, բյուջեի եւ արտաքին ընթացիկ հաշվի զգալի պակասուրդը, պետական եկամուտների ոչ բարձր եւ ոչ ճկուն բազան, ինչպես նաեւ նեղ բազա եւ դոլարիզացիայի բարձր մակարդակ ունեցող տնտեսությունը ճնշում են գործադրում վարկանիշների վրա»,- նշում է վարկանիշային գործակալությունը:

Դիտում՝ 12974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW