Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ 2010թ. հուլիսի 1-ը 2009թ. արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեին 1 մլրդ դրամ եւ ավելի հասույթ ունեցող բոլոր հայաստանյան ընկերությունները: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության, 2009թ. արդյունքներով 1 մլրդ եւ ավել հասույթ են ունեցել 361 կազմակերպություններ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պարտադիր աուդիտի ենթակա 361 խոշոր կազմակերպություններից աուդիտի պայմանագրեր են կնքել 313-ը, որոնցից շուրջ 30-ը` անհատ աուդիտորների հետ: Պատասխանելով պարտադիր աուդիտի արդյունքների վերաբերյալ Մեդիամաքս-ի հարցմանը` ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ պարտադիր աուդիտի արդյունքում տրված աուդիտորական եզրակացություններում կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տրվել է դրական կամ վերապահումով դրական կարծիք: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ցանկի, պարտադիր աուդիտ չանցած ընկերությունների թվում են այնպիսի խոշոր տնտեսվարողներ, ինչպիսիք են 2009թ. արդյունքներով 50 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված «Քաղ պետրոլ սերվիս», «Արսօյլ» եւ «Միկմետալ» ընկերությունները: «Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից միջոցներ են ձեռնարկվել աուդիտի պայմանագրեր չկնքած կազմակերպությունների կողմից պարտադիր աուդիտի մասով օրենքի պահանջի կատարումն ապահովելու նպատակով»,- տեղեկացրել են ֆինանսների նախարարությունում` հավելելով, որ 2009թ. արդյունքներով պարտադիր աուդիտի չենթարկված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ կազմակերպությունների թիվը ճշտելու ուղղությամբ: Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով պարտադիր աուդիտի ներդրման արդյունավետությունը` «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն ասել է, որ նշված օրենսդրական փոփոխությունների հետ կապվող ակնկալիքները չեն արդարացել: Նրա խոսքերով, «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ում, մասնավորապես, պարտադիր աուդիտի պահանջով դիմող հաճախորդների թիվն ավելացել է ընդամենը 10-ով: «Աուդիտ անցածներից շատերը դիմել են միայն այս տարի լիցենզիա ստացած աուդիտորական ընկերություններին եւ անհատ աուդիտորներին, որոնք, հավանաբար, հիմնադրվել են հենց այդ հաճախորդներին սպասարկելու համար»,- ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը` հավելելով, որ Հայաստանում ներկայումս գրանցված է 40-ից ավել աուդիտորական կազմակերպություն, որոնցից շուրջ 15-ը լիցենզիա են ձեռք բերել 2010թ.: Նա կարծիք է հայտնել, որ պարտադիր աուդիտի ինստիտուտի արդյունավետության բարձրացման համար կառավարության կողմից պետք է ընդունվի հեղինակավոր աուդիտորական ընկերությունների «կարճ ցուցակ», որին էլ կվստահվի աշխատանքը խոշոր տնտեսվարողների հետ: Tweet Դիտում՝ 18241