Երեւան/Մեդիամաքս/. «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը կարծիք է հայտնել, որ կենսաթոշակային հիմնադրամների ձեւավորման գործում Հայաստանին անհրաժեշտ են միջազգային փորձառություն ունեցող ներդրումային մասնագետներ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով Banks.am պորտալին իր հարցազրույցի մեկնաբանություններին` Տիգրան Կարապետյանը կիսել է ընթերցողների այն մտահոգությունը, որ Հայաստանում դեռեւս ձեւավորված չի պրոֆեսիոնալ կառավարիչների հանրությունը: «Այս խնդրի լուծման լավագույն տարբերակը, ըստ իս, միջազգային փորձառություն ունեցող օտարերկրացի մասնագետներին ներգրավելն է: Իհարկե, նրանք բավականին «թանկ կարժենան» , սակայն դա միակ տարբերակն է տեղացի մասնագետներին գործնական ուսուցանում ապահովելու համար: Գոնե առաջին 5 տարիներին պետք է համատեղվեն «դրսի» եւ «ներսի» ուժերը», - ասել է Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով կուտակվող կենսաթոշակային միջոցների փոշիացման ռիսկերին` նա ասել է, որ այդպիսի ռիսկերից խուսափելու լավագույն ուղին ներդրումների դիվերսիֆիկացումն է: «Տեսաբանները կարծում են, որ եթե խնայողությունները ներդրվում են 30 տարբեր երկրներում կամ ֆինանսական գործիքներում, ապա այդ խնայողությունների վրա կարող են անդրադառնալ միայն գլոբալ աճը կամ ճգնաժամերը»,- նշել է Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ եթե քաղաքացին չի կամենում, որպեսզի իր խնայողությունները կապված լինեն միայն մեկ պետությանը բնորոշ բացասական երեւույթների հետ, ապա պետք է ընտրի այնպիսի ֆոնդ, որի ներդումային քաղաքականությունը ուղղված է այդ պետությունից դուրս, եւ այդ դեպքում խնայողությունների աճը կամ նվազումը որեւէ կապ չի ունենա այդ տնտեսության հետ: Tweet Դիտում՝ 15842