Երեւան/Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» փորձում է լրացնել այն բացը, որն առկա է Հայաստանում ագրոբիզնեսի վարկավորման ոլորտում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը` հանդես գալով երկուշաբթի երեկոյան Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նա տեղեկացրել է, որ բանկը ակտիվացնում է ագրոբիզնեսի վարկավորումը Ավստրիական զարգացման բանկի (OeEB) աջակցությամբ եւ մինչեւ տարեվերջ կսկսի վարկավորել այդ ոլորտը իր բոլոր 9 մասնաճյուղերում. ներկայումս ագրոբիզնեսի վարկավորումն իրականացվում է բանկի Արտաշատի եւ Երեւանի մասնաճյուղերում: Բերտոլդ Հերցֆելդը տեղեկացրել է, որ բանկը վարկավորում է ագրոբիզնեսը այդ ոլորտում առկա ամենացածր տոկոսադրույքներով. տարեկան 9,5% արտարժույթով վարկի դեպքում եւ 14,5%` դրամով վարկի դեպքում: «Ներկայումս բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը կազմում է $2.5 մլն»,- հայտնել է բանկի գլխավոր տնօրենը` հավաստիացնելով, որ մոտ ապագայում կապահովվի այդ ցուցանիշի դինամիկ աճը: «ՊրոԿրեդիտ Բանկի» վարկային պորտֆելը 2010թ. 3 եռամսյակների ընթացքում ավելացել է 41%-ով` կազմելով $45 մլն, բանկի ավանդային պորտֆելի աճը 9 ամիսների ընթացքում կազմել է 25% ($23 մլն): Բերտոլդ Հերցֆելդի խոսքերով, մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է բիզնեսի բոլոր ուղղությունների աճ, մասնավորապես, վարկային պորտֆելի աճ մինչեւ $60 մլն: «Ռիսկերի արդյունավետ կառավարման շնորհիվ բանկն ապահովում է վարկային պորտֆելի բարձր որակ եւ նախատեսում է երրորդ եռամսյակն ավարտել 30 օրվանից ավել ժամանակով երկարացված վարկերի 2-տոկոսանոց մասնաբաժնով»,- նշել է Բերտոլդ Հերցֆելդը: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում բանկի գործունեության 2.5 տարվա ընթացքում հաճախորդների թիվը կազմել է շուրջ 11 հազար: Անդրադառնալով բանկի 2011թ. ծրագրերին` բանկի ղեկավարը հայտնել է մասնաճյուղերի թիվը կրկնապատկելու մտադրության մասին: Tweet Դիտում՝ 12533