Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 230 հազ. 154 զբոսաշրջիկ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11,2%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվում տեսակարար կշռով առաջատարն են Ռուսաստանի (18.4%), ԱՄՆ-ի (13,8%), Ֆրանսիայի (9.9%), Իրանի (9,5%), Գերմանիայի (6%) քաղաքացիները: Ուշագրավ է, որ հյուրանոցներում հաստատվել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների միայն 12,4%-ը: Մնացած 87,6%-ը բնակություն է հաստատել վարձակալած բնակարաններում կամ հարազատների տանը: 2010թ. առաջին կիսամյակում արտասահմանյան շրջագայության մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 232 հազ. 58 մարդ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 14,6%-ով: Միաժամանակ, տուրիստական գործակալությունների ծառայություններից օգտվել է հայ զբոսաշրջիկների ընդամենը 1,8%-ը: Հայաստանյան տուրիստական գործակալությունների թիվը, չնայած Հայաստանից զբոսաշրջիկների հոսքի ընդհանուր թվի աճին, 2009թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել է 4,5%-ով: Tweet Դիտում՝ 10607