«Ամերիաբանկի» վարկառուների հայտերը էկոլոգիական ու սոցիալական ռիսկերի փորձաքննություն կանցնեն
16.09.2010 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» այսօր հայտարարել է էկոլոգիական ու սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացն ավարտելու մասին, որի համաձայն, բանկի կորպորատիվ փոխառուների հայտերն այսուհետ անցնելու են էկոլոգիական ու սոցիալական ռիսկերի առկայության փորձաքննություն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համակարգը բանկի կողմից ներդրվել է FMO միջազգային զարգացման նիդեռլանդական բանկի եւ DEG-ի` KfW գերմանական բանկային խմբի անդամի աջակցությամբ:
Քանի որ «Ամերիաբանկը» տարածաշրջանում առաջիններից մեկն է ներդրել այդ համակարգը, FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկն այսօր «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենին հանձնել է շնորհակալական վկայական FMO-ի եւ DEG-ի կողմից:
Բացի այդ, FMO-ն եւ DEG-ը որոշել են նվազեցնել «Ամերիաբանկին» 2009թ. տրամադրված $30 մլն ծավալի վարկի տոկոսադրույքը: Վարկն «Ամերիաբանկին» հատկացվել էր փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նպատակով:
«Ներդնելով շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը` «Ամերիաբանկը» պարտավորվում է առաջնորդվել իր գործունեությանն առնչվող տեղական եւ միջազգային բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով»,- ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` նշելով, որ համակարգը սկսել է կիրառվել բանկի կորպորատիվ վարկավորման բոլոր գործառնություններում արդեն այս տարվա հուլիսից:
Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ սա ԱՊՀ տարածքում առաջին դեպքն է, երբ FMO-ն եւ DEG-ը համատեղ որոշում են կայացրել իջեցնել ֆինանսավորման տոկոսադրույքը: ««Ամերիաբանկը» լավագույն ֆինանսական կառույցն է, որի հետ մենք երբեւէ աշխատել ենք»,- ասել է Յուրգեն Ռիգտերինկը` նշելով, որ սոցիալական եւ էկոլոգիական ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը այդքան կարճ ժամանակահատվածում` FMO-ի եւ DEG-ի կողմից ֆինանսավորում ստանալուց հետո, «իսկապես օրինակելի գործարք է»:
«Ամերիաբանկի» կողմից FMO-ի եւ DEG-ի միջոցներից հատկացվող բիզնես-վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է տարեկան 12,5%: Արտակ Հանեսյանը չի նշել այն տոկոսադրույքը, որով բանկը ներգրավել է FMO-ի եւ DEG-ի միջոցները` ասելով, որ վերջնական բարեխիղճ վարկառուների համար տոկոսադրույքն ամեն տարի նվազում է 0,5 տոկոսային կետով 2 տարվա ընթացքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: