Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն հաստատել է բանկային պահուստների միասնական ստանդարտները: Նոր կանոններին համապատասխանելու համար բանկերը պետք է զգալիորեն ավելացնեն իրենց կապիտալը: Սակայն դրա համար նրանց տրամադրվում է բավարար ժամանակ. համակարգը պետք է լիարժեք գործարկվի 2019թ.: Ինչպես հաղորդում է «РБК Daily»-ն, «Բազել III» նոր ստանդարտը, որը խստացնում է պահանջները ֆինանսական ինստիտուտների կապիտալի նկատմամբ, Բազելյան կոմիտեի կողմից հաստատվել է հանգստյան օրերին: Նրա հիմնական կետը առաջին մակարդակի հիմնական կապիտալի բավարարության գործակիցը 2-ից մինչեւ 4,5% բարձրացնելն է: Յուրաքանչյուր բանկ պարտավոր կլինի նաեւ ստեղծել հատուկ բուֆերային պահուստային կապիտալ ակտիվների 2,5%-ի չափով: Այսպիսով, հիմնական կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները կկազմեն 7%: Առաջին մակարդակի կապիտալի բավարարության նորմատիվը բարձրացվել է 4-ից 6%-ով: Բանկիրներին գոհացնելու նպատակով ակտիվների եւ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջները կխստացվեն աստիճանաբար: 2013թ. հունվարից առաջին մակարդակի հիմնական կապիտալի բավարարության գործակիցը կբարձրացվի մինչեւ 4.5%: Բուֆերային կապիտալն անհրաժեշտ կլինի ստեղծել 2016թ. հունվարից մինչեւ 2019թ. հունվար: Եթե բանկերը չկարողանան ձեւավորել բուֆերային կապիտալ, կարգավորիչները կսահմանափակեն նրան կողմից շահաբաժինների եւ բոնուսների վճարումը: Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեի խոսքերով, նոր կանոնները նախանշել են «կապիտալի գլոբալ ստանդարտների հիմնական ամրապնդումը»: Հանդիպման ընթացքում ընդունված նախագիծը հաստատման կներկայացվի Սեուլի «մեծ քսանյակի» երկրների նոյեմբերյան գագաթաժողովում: Tweet Դիտում՝ 18777