Ապադոլարացման միջոցառումները կարճաժամկետ հատվածում էական արդյունքների չեն բերի

25.08.2010 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ շաբաթվա սկզբից ուժի մեջ են մտել արտարժույթով ավանդների պարտադիր պահուստավորման կառուցվածքի փոփոխությունները, ըստ որոնց բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների 12%-ի պարտադիր պահուստավորումը ԿԲ-ում կիսով չափ կպահուստավորվի դրամով (նախկին ¼-ի փոխարեն):

Այս քայլը կազմում է ԿԲ-ի ապադոլարացմանն ուղղված քաղաքականության մասը, որով փորձ է արվում նվազեցնել արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսադրույքները:

«Դժվար թե նշված փոփոխությունը կարճաժամկետ հատվածում ազդեցություն ունենա արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսադրույքների մակարդակի վրա», - Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասաց «Արմսվիսբանկ»-ի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը:

Նա հիմնավորեց իր կարծիքը այն հանգամանքով, որ հայաստանյան բանկերը զգալի վարկային միջոցներ են տրամադրել եւ տրամադրում արտարժույթով, իսկ մրցակցությունը ստիպում է բանկերին «բարյացակամ» վերաբերմունք ցուցաբերել ավանդատուների նկատմամբ:

«Սա վերաբերում է այն բանկերին, որոնք միջոցները հիմնականում ներգրավվում են ներքին շուկայից /բնակչությունից/: Իսկ ինչ վերաբերում է այն բանկերին, որոնք հիմնականում ֆինանսավորվում են արտերկրի ֆինանսական հաստատություններից, ապա նրանց ավանդների դրույքները ցածր են», - նշեց Կարեն Տուրյանը:

Անդրադառնալով ԿԲ այն ակնկալիքներին, որ նորմատիվային փոփոխությունը կբերի դրամային ավանդների տեսակարար կշռի ավելացմանը, «Արմսվիսբանկի» ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացումը դժվար թե ավելացնի ազգային արժույթով ներգրավվող ավանդների տեսակարար կշիռը, կամ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հորիզոնում հանգեցնի դոլարային ավանդների՝ դրամայինների վերափոխմանը, «քանի որ մեր բնակչությունն իր խնայողությունները հիմնականում պահում է արտարժույթով եւ, մյուս կողմից, բավանանին բարձր մակարդայի վրա է պահպանվում ՀՀ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը` 11-14 տոկոս, կախված ժամկետայնությունից:»

Ըստ Կարեն Տուրյանի, չնայած առաջին հայացքից կարգավորիչի կողմից իրականացված փոփոխությունը պետք է հանգեցներ նաեւ դրամի արժեւորմանը, վերջին օրերի դինամիկան դեռեւս չի վկայում այդ մասին: «Ամենայն հավանականությամբ կարճաժամկետ հատվածում դրամի փոխարժեքը կտատանվի ներկա մակարդակներում /363-373 դրամ 1 ԱՄՆ դոլարի հանդեպ/», - ասաց «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրենը:

Դիտում՝ 15525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW