«Ամենաակտիվ դերը վերապահվում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին»

19.07.2010 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- «Կապիտալ Ասեթ Մենեջմենթը» մտադիր է  հաջորդ տարի գործարկել մի քանի տիպի ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր: Կա՞ն որդյոք այդ ֆոնդերի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

- Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր գործարկելու մեր մտադրությունը հնարավոր է դառնում համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունմամբ, որն այսօր Ազգային ժողովի օրակարգում է:

Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշում կայացրեց հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչեւ 2014-ի հունվար, իսկ 2011թ. հունվարից հնարավոր կլինի գործարկել կամավոր կուտակային սխեմաները: Կենսաթոշակային բարեփոխումներն ինքնին բարդ են եւ միգուցե լավ է, որ նախքան պարտադիր բաղադրիչի ներդրումը նախատեսվում է որոշակի «փորձարկման» ժամանակահատված: Հանրությունը կկարողանա այդ ընթացքում առնչվել տարբեր կառավարիչների գործունեությանը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսականուն, իսկ կառավարությունը ժամանակ կունենա բացահայտել, թե ինչպիսի համակարգային խնդիրներ են կանգնում ոլորտի առջեւ, պարզել բարեփոխումների թույլ եւ ուժեղ կողմերը, որոշակի շտկումներ կատարել, օրինակ, կառավարիչների նկատմամբ սահմանվող պահանջներում: 2014-ին երկիրն ավելի պատրաստ կլինի ներդնել պարտադիր կուտակային սխեմաները:

Օրենսդրորեն ամրագրված հնարավորությունների ստեղծվելուն պես «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ»-ի համակարգում կսկսեն գործել 2 կառավարիչներ, որոնցից առաջինը կգործարկի 2 տեսակի ներդրումային, իսկ երկրորդը` նույնքան կենսաթոշակային ֆոնդեր:

- Սկսենք երկրորդից: Ինչպիսի՞ կենսաթոշակային ֆոնդեր է նախատեսվում ստեղծել եւ ինչպիսի՞ն է լինելու դրանց գործունեությունը:

- Մենք ցանկանում ենք գործարկել 2 տեսակի կամավոր կենսաթոշակային ֆոնդեր` չափավոր ռիսկայնության աստիճանով: Մեկը լինելու է կոնսերվատիվ, մյուսը՝ հիմնված ֆիքսված եկամտի վրա: Առաջին կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25%-ը ներդրվելու է բաժնային արժեթղթերում, մնացած 75%-ը՝ պարտքային, իսկ երկրորդի ակտիվներն ամբողջությամբ ներդրվելու են պարտքային արժեթղթերում:

Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50%-ը նախատեսվում է ներդնել օտարերկրյա արժեթղթերում, իսկ բաժնային արժեթղթերի պարագայում՝ ամբողջությամբ: Երկրորդ ֆոնդի ակտիվներն օտարերկրյա ֆինանսական գործիքներում կներդրվեն 30%-ով:

Այս երկու ֆոնդերի ներքո կգործեն կենսաթոշակային սխեմաներ, որոնք ուղղված կլինեն հայաստանյան գործատուներին: Մեր հաճախորդ հանդիսացող գործատուներին փորձում ենք հիմնավորել, որ նմանատիպ սխեմաները կարող են բարձրացնել այդ ձեռնարկությունների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

Մեր կողմից առաջարկվող կամավոր կուտակային սխեման ենթադրում է, որ գործատուն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է աշխատակիցների ապագա կենսաթոշակների վճարման պարտականությունը: Ըստ սխեմայի, գործատուն իր աշխատավարձային ֆոնդի մինչեւ 5%-ն, որպես աշխատակիցներին խթանող ռեսուրս, ամեն ամիս կտրամադրի կենսաթոշակային հաշիվներին; դրան զուգահեռ կենսաթոշակային հաշիվներին աշխատավարձի մինչեւ 5%-ը կփոխանցեն նաեւ աշխատակիցները: Այսինքն, տվյալ գործատուի աշխատակիցները կբացեն կենսաթոշակային հաշիվներ, ձեռք կբերեն 2 տեսակի կենսաթոշակային ֆոնդերի փայեր` կախված նրանից, թե ով որ ռիսկայնության կենսաթոշակային ֆոնդն է նախընտրում: Ընդ որում, այստեղ չի գործելու որեւէ տարիքային սահմանափակում, այսինքն եւ´ 60 եւ´ 20 տարեկան աշխատակիցները հնարավորություն են ստանում օգտվել ընձեռնված հնարավորությունից:

Գործատուների համար դա կարող է դառնալ լրացուցիչ խթան, որը թույլ կտա նրանց դիրքավորվել երկրի բիզնես միջավայրում առանձնահատուկ դրական սոցիալական իմիջով: Ի դեպ, օրենսդրական փաթեթում պետությունը նախատեսում է խթաններ, որպեսզի եւ´ գործատուն, եւ´ աշխատակիցը շահագրգռված լինեն մասնակցելու կամավոր կենսաթոշակային սխեմաներում: Դրանք որոշակի հարկային արտոնություններն են. գործատուի համար շահութահարկի նվազեցումն է կամավոր կենսաթոշակային հատկացումները հարկվող շահույթից հանելու միջոցով, աշխատակիցների համար՝ եկամտահարկի նվազեցումը:

Ամենաակտիվ դերը ստեղծվող համակարգի շրջանակներում վերապահվում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին: Տակավին պարզ է, որ սկզբնական շրջանում նրանց դերը լինելու է ոչ միայն պրոֆեսիոնալ կառավարումը, այլ նաեւ` հանրային իրազեկման, ուսուցանման եւ բիզնես վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործառույթները: Ընդ որում, ժամանակի ընթացքում ֆոնդերի տեսակները կընդլայնվեն: Իմ շատ նախնական գնահատականներով 3-4 տարի հետո Հայաստանում կարող են լինել մոտ 10-15 ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդերի տարատեսակներ, որոնք կունենան տարբեր ներդրումային ռազմավարություններ:

- Այժմ անդրադառնանք ձեր կողմից ստեղծվելիք ներդրումային հիմնադրամներին:

- «Կապիտալ Ասեթ Մենեջմենթի» համակարգում գործող մյուս կառավարիչը եւս կգործարկի 2 ֆոնդ: Առաջինը կլինի այսպես կոչված փոխադարձ ներդրումային ֆոնդ /mutual fund/, որը հրապարակայնորեն կներգրավի հանրային միջոցներ եւ կտեղաբաշխի դրանք արժեթղթերում: 
Փոխադարձ ֆոնդերի էությունը կայանում է փայերի կամ բաժնեմասերի թողարկման  մեջ, որոնք գնում են պոտենցիալ ներդրողները: Միջոցները հավաքագրվում են ֆոնդում, որի ակտիվները համապատասխան ներդրումային հայտարարագրի հիման վրա ներդրվում են տարատեսակ արժեթղթերում: Նկատի ունենալով հայկական շուկայում ֆինանսական գործիքների կազմի ու կառուցվածքի սահմանափակությունը, մենք մտադիր ենք զգալի միջոցներ հատկացնել գլոբալ շուկաներում ֆինանսական ներդրումներ կատարելուն: Խոսքը հատկապես վերաբերում է զարգացող շուկաներին, որտեղ հետճգնաժամային աճը բավականին գրավիչ է: Մեր նպատակն է` ստեղծել հարթակ, որտեղ հայ ներդրողը կկարողանա օգտվել գլոբալ ֆինանսական գործիքների եկամտաբերության պտուղներից:

Դրա հետ մեկտեղ ներգրավված ռեսուրսների 50%-ը նախատեսում ենք ներդնել հայկական ֆինանսական գործիքներում, որոնք շրջանառվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Ներդրումների ընդհանուր ծավալի 50%-ը ներդրվելու է բաժնային, մյուս կեսը՝ պարտքային արժեթղթերի մեջ: Բաժնային արժեթղթերի մասով ներդրումների մոտ 90%-ն ուղղվելու է գլոբալ ֆինանսական շուկաներ, իսկ պարտքային արժեթղթերի մասով մենք նախապատվությունը տալու ենք հայկական շուկային:

Մենք նաեւ գիտակցում ենք, որ ներդրումներ կարելի է ներգրավել այն դեպքում, եթե պոտենցիալ ներդրողը վստահ է ֆինանսական գործիքների իրացվելիության մեջ: Դրա համար մենք ամենայն հավանականությամբ կգործարկենք նաեւ այսպես կոչված միջակայքային հիմնադրամ /interval fund/, որը ներդրումայինի տարատեսակներից է: Միջակայքային հիմնադրամի տարբերությունը մյուս ներդրումային ֆոնդերից կայանում է նրանում, որ այդ տիպի հիմնադրամի թողարկած արժեթղթերը պարբերաբար` նախօրոք որոշված միջակայքային ժամկետներում ենթակա են hետգնման: Ընդ որում, հետգնումները կկատարվեն ներդրումային հիմնադրամի ակտիվների ընթացիկ զուտ արժեքի միջոցով (net asset value):

Միջակայքային ֆոնդերը կլուծեն նաեւ արտարժութային նոմինացիայով արժեթղթերի խնդիրը, քանի որ, ինչպես հայտնի է, մեր երկրում նման արժեթղթերի թողարկումն արգելված է: Միջակայքային ներդրումային ֆոնդի ակտիվների որոշակի մասը կներդրվի գլոբալ ֆինանսական շուկաներում եւ, կապված լինելով արտարժույթի հետ, զերծ կպահի ներդրողների փայերը դրամի ենթադրվող արժեզրկումներից:

- Այսօր հանրության շրջանում չկա լայն իրազեկվածություն ներդրումային ընկերությունների մասին, իսկ ֆոնդերը դեռեւս գոյություն չունեն: Ինչպե՞ս է կայանալու այս բնագավառում հանրային իրազեկումը, բնակչության ներգրավումը եւ այլն: Նախատեսվում է նաեւ, որ քաղաքացիները հնարավորություն կունենան հետեւել իրենց ակտիվների կառավարմանը: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու:

- Հանրային իրազեկման գործում զգալի դերակատարում ունեն այն ընկերությունները, որոնք մտադիր են ստեղծել ֆոնդեր եւ կառավարել կենսաթոշակային միջոցներ: Ճիշտ չի լինի, որ իրազեկման բեռը կրի միայն կառավարությունը: Մենք, մասնավորապես, մտադիր ենք կազմակերպել նման միջոցառումների շարք. եթե որեւէ գործատու կցանկանա հոգալ իր աշխատակիցների ապագա կենսաթոշակի մասին, ապա մենք տվյալ գործատուի աշխատակիցների համար կկազմակերպենք սեմինարներ, որոնց ընթացքում մեր մասնագետները հանգամանորեն կներկայացնեն կենսաթոշակային ակտիվների կառավարման բոլոր հանգամանքները:

Ինչ վերաբերում է ակտիվների կառավարման վերաբեյալ տեղեկատվության ստացմանը, նշեմ, որ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պետք է հատկացնի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հաշվետվողական համակարգի ձեւավորման համար: Այս համակարգերն իրենցից ներկայացնում են օնլայն ռեժիմում աշխատող համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով անձը ցանկացած պահի կարող է ստանալ իր հաշիվների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

- Ենթադրենք, որ մի կառավարչի ենթակայության ներքո գտնվող ակտիվների արժեքն ավելացել է 5%-ով, մյուսինը՝ 15%-ով:  Նշանակու՞մ է դա արդյոք, որ երկրորդ կառավարչի հետ աշխատած քաղաքացիներն արդյունքում ստանում են ավելի մեծ կենսաթոշակ:

- Այո: Այստեղ, սակայն, մի շարք հանգամանքներ ունեն պարզաբանման կարիք: Ֆոնդերի միջոցով գործադրվող կամավոր կենսաթոշակային սխեմաները չեն երաշխավորում ապագա կենսաթոշակների ֆիքսված մեծություն: Անձը կստանա այնքան կենսաթոշակ, որքան կուտակվել է իր հաշվին՝ գումարած կուտակվող միջոցների կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

Բայց կա նաեւ մեկ այլ սխեմա, որը գործարկում են ապահովագրական ընկերությունները: Հիշեցնեմ, որ երրորդ աստիճանի կենսաթոշակային սխեման ենթադրում է, որ ակտիվների կառավարումը կարող է իրականացվել երեք տեսակի ինստիտուտների կողմից, որոնք են կենսաթոշակային ֆոնդերը, բանկերը եւ ապահովագրական ընկերությունները: Բանկերի դեպքում քաղաքացին փոխանցում է իր կենսաթոշակային հատկացումները հատուկ կուտակային հաշվին:

Հետաքրքրություն է ներկայացնում ապահովագրական ընկերությունների առաջարկած սխեման. անկախ հատկացումների չափից ու միջոցների կառավարման արդյունքում ստացվող եկամտից, ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատկացնել տվյալ անձին նախապես որոշված կենսաթոշակ՝ իր վրա վերցնելով այստեղից բխող բոլոր ռիսկերը: Եթե, օրինակ, 10-15 տարի հետո կրկնվի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, եւ ապահովագրական ընկերության կենսաթոշակային ակտիվները զգալիորեն արժեզրկվեն, ապա ընկերությունը պետք է հատուցի գոյացած տարբերությունը իր սեփական միջոցներից: Միեւնույն ժամանակ, եթե կենսաթոշակային ակտիվները լավ են կառավարվել եւ իրենց արժեքը զգալիորեն ավելացել է, եկամուտը կմնա ապահովագրական ընկերությանը: Ընկերության սեփականության տակ կանցնեն նաեւ կենսաթոշակային տարիքի չհասած անձի կուտակած միջոցները, մինչդեռ  կենսաթոշակային հիմնադրամների եւ բանկերի պարագայում միջոցներն անցնում են ժառանգներին:

- Կենսաթոշակային հիմնադրամներին արգելվելու է ներդնել ակտիվները թանկարժեք մետաղների եւ քարերի, ինչպես նաեւ անշարժ գույքի մեջ, մինչդեռ թույլատրվելու է ներդնել, օրինակ, Հայաստանի եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության /ՏՀԶԿ/ անդամ երկրների ֆինանսական գործիքներում: Ճի՞շտ չափանիշներ են արդյոք ընտրվել:

- Կենսաթոշակային ֆոնդերն ունեն սոցիալական նշանակություն, հետեւաբար, պետությունները փորձում են սահմանափակել ֆոնդերի կառավարիչների ներդրումային երեւակայությունը: Ակնհայտ է, որ կենսաթոշակային ակտիվները ավելի քիչ եկամտաբեր են, քան, օրինակ, ներդրումային ֆոնդերի ակտիվները: Որքան էլ պտտվենք այս թեմայի շուրջ, միեւնույն է, ի վերջո հանգելու ենք այբբենական մի աքսիոմի` ռիսկի եւ եկամտաբերության հարաբերակցությանը. որքան բարձր է ռիսկը, այնքան մեծ է եկամտաբերությունը եւ հակառակը:

ՏՀԶԿ երկրների արժեթղթերում ներդրումների հնարավորությունը հուշում է այն մասին, որ կառավարիչներն ստիպված են ակտիվները ներդնել այնպիսի երկրների ֆինանսական գործիքներում, որտեղ կապիտալի շուկաներն ունեն զարգացվածության որոշակի մակարդակ:

Ինչ վերաբերում է ընտրված չափանիշներին, ապա դրանք վերանայվում են մշտապես, եւ վերանայման գործընթացներն արագացվում են ճգնաժամերի ժամանակ: Երկրներ կան, որտեղ կենսաթոշակային ֆոնդերի միջոցները կարող են ներդրվել վենչուրային հիմնադրամներում, անշարժ գույքում եւ թանկարժեք մետաղներում:

- Որքանո՞վ է դա իրեն արդարացրել:

- Ներկայումս, օրինակ, արդարացված են ներդրումները թանկարժեք մետաղներում, շուրջ 10-15 տարի առաջ արդարացված էին ներդրումները վենչուրային ֆոնդերում, հատկապես, երբ բուռն վերելք էր ապրում ՏՏ-ինդուստրիան: Այդ ժամանակ վենչուրային ֆոնդերում մասնակցում էին նաեւ կենսաթոշակային ակտիվները:

Կարծում եմ, հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին պետք է ընձեռել օրենսդրական հնարավորություն ակտիվների մինչեւ 10%-ն ուղղել ածանցյալ գործիքներ, որոնք կապված կլինեն ոսկու, հացահատիկի, նավթի կամ այլ ակտիվների հետ; մինչդեռ, ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթի, ներդրումներ ածանցյալ արժեթղթերում կարելի է կատարել բացառապես հեջավորման /արտարժութային ռիսկի նվազեցման/ նպատակով:

Դիտում՝ 7269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW