Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերի ընդհանուր հաշվեկշռային կապիտալը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ աճել է 2.9%-ով, կազմելով 293,7 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ հաշվետվության մեջ: Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները երկրորդ եռամսյակում նվազել են 5.7%-ով, կազմելով 1 տրլն 35.5 մլրդ դրամ: Երկրորդ եռամսյակի ընթացքում պարտավորությունների աճ է նկատվել միայն պետության նկատմամբ պարտքի գծով /9.8%-ով/, իսկ մնացած բոլոր ուղղություններով գրանցվել է նվազում, որոնցից ամենախոշորն իրավաբանական անձանց ժամկետային դեպոզիտների գծով է /16.1%-ով/: Հայաստանի բանկային համակարգի ակտիվները երկրորդ եռամսյակում նվազել են 3.9%-ով` կազմելով 1 տրլն 329.2 մլրդ դրամ: Ընդ որում, գրանցվել է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վարկավորման աճ /համապատասխանաբար՝ 1.2%-ով եւ 0.1%-ով/; ապրիլ-հունիսին 70% աճ է նկատվել նաեւ լիզինգի մասով: Ռեզիդենտներին տրված վարկերի ծավալն երկրորդ եռամսյակում աճել է 1.3%-ով` կազմելով շուրջ 800.7 մլրդ դրամ: Առավել ակնառու աճ /24.4%/ է նկատվել տրանսպորտի եւ կապի վարկավորման ոլորտում: Աճ է նկատվել նաեւ գյուղատնտեսության /1.3%/, շինարարության /2.3%/, առեւտրի /2.3%/ եւ սպառողական վարկավարման /0.8%/ ոլորտներում: Պորտֆելների նվազում նկատվել է արդյունաբերության /0.8%/, ֆինանսական հատվածի /4.9%/ եւ հիփոթեքային վարկավորման /1.9%/ ոլորտներում: Հունիսի 30-ի դրությամբ բանկերի պորտֆելում ստանդարտ վարկերի մասնաբաժինը կազմել է 95.7%` առաջին եռամսյակի հետ համեմատ աճելով 0.5 տոկոսային կետով; 0.2 տոկոսային կետով երկրորդ եռամսյակում ավելացել է նաեւ կասկածելի վարկերի տեսակարար կշիռը` կազմելով 0.7%. 2010թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 11 մլրդ 988 մլն դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները երկրորդ եռամսյակում աճել են 0.7%-ով` կազմելով 55,96 մլրդ դրամ: Վարկային կազմակերպությունների ակտիվները ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել են 1.8%-ով` կազմելով 86,3 մլրդ դրամ: Վարկային կազմամերպությունների կողմից իրավաբանական եւ ֆիզիկական արձանց վարկավորման աճն երկրորդ եռամսյակում կազմել է, համապատասխանաբար, 5.7% եւ 3.4%: Հունիսի 30-ի դրությամբ վարկային կազմակերպությունների պորտֆելում ստանդարտ վարկերի մասնաբաժինը կազմել է 96.3%` առաջին եռամսյակի հետ համեմատ ավելանալով 0.7 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում 0.1 տոկոսային կետով նվազել է կասկածելի վարկերի տեսակարար կշիռը` կազմելով 0.5%: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2010թ. երկրորդ եռամսյակում կազմել է 1.4 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 11688