Երեւան/Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն կսկսի հավանական թողարկողների հետ աշխատել ուղղակիորեն` նրանց բացատրելով կապիտալի շուկայի առավելություններն ու նպաստելով շուկա մուտք գործելուն: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, եթե նախկինում բորսան պատրաստակամություն էր հայտնում թողարկողների ներգրավման հարցում աշխատել բրոքերային ու ներդրումային ընկերությունների հետ, ապա այժմ թողարկողներին ինքնուրույն է ներգրավելու շուկա` նրանց ցուցաբերելով անհրաժեշտ խորհրդատվական օժանդակություն: Արմեն Մելիքյանը տեղեկացրել է, որ գործողությունների այդ եղանակը հայաստանյան ֆոնդային բորսան վերցրել է Բալթյան երկրներից, որտեղ այն ապացուցել է իր արդյունավետությունը: Նոր ռազմավարությանն անցնելու պատճառների թվում Արմեն Մելիքյանը նշել է հայաստանյան բրոքերային եւ ներդրումային ընկերությունների պասիվությունը` մասամբ թելադրված ֆինանսական ճգնաժամով: «Բորսա մտնելու գործընթացը պահանջում է երկար ճանապարհ եւ այստեղ հապաղել պետք չէ, ընդհակառակը, անհրաժեշտ է օգտագործել ճգնաժամը կապիտալի շուկա մտնելուն նախապատրաստվելու համար»,- ասել է Արմեն Մելիքյանը: Tweet Դիտում՝ 15127