ԵԱՀԿ-ն ՏՄՊՀ-ին կօգնի պայքարել անբարեխիղճ մրցակցության դեմ

02.06.2010 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ այսօր Երեւանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փաստաթղթի հիման վրա նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանում մրցակցության մշակույթի ձեւավորմանը:

ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով, ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել մրցակցության նորմեր ու կանոններ, գնահատման ընթացակարգեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:

Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ հանձնաժողովը մտադիր է այցելել հանրապետության մարզեր, որտեղ կանցկացնի տարբեր միջոցառումներ` մրցակցության կանոնների մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ օրենսդրական մակարդակով խստացնել պատժամիջոցները անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերած ընկերությունների նկատմամբ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը իր հերթին նշել է, որ հակամենաշնորհային քաղաքականության ամրապնդումը նպաստում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ ամուր հիմքեր է ստեղծում երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Դիտում՝ 9415

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW