Արժեթղթերի շուկան թերզարգացած կմնա մինչեւ թափանցիկ ընկերությունների ի հայտ գալը

01.06.2010 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ արժեթղթերի շուկան թերզարգացած կմնա, քանի դեռ ի հայտ չեն եկել տնտեսության իրական հատվածում գործող թափանցիկ ընկերություններ:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է տնտեսագիտական բուհերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր Մեդիամաքս գործակալության եւ www.Banks.am պորտալի նախաձեռնությամբ:

«Ըստ էության, այսօր Հայաստանում գոյություն չունեն բաց բաժնետիրական ընկերություններ` չհաշված առեւտրային բանկերը»,- հայտարարել է վարչապետը:

Վկայակոչելով NASDAQ OMX-ի հետազոտությունները, որը հանդիսանում է Հայաստանի Ֆոնդային բորսայի սեփականատերը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ  հաճախ ոչ թափանցիկ ընկերությունների սեփականատերերը թերագնահատում են իրենց ակտիվների արժեքը 10-ից 20 անգամ:

«Այսինքն, եթե սեփականատերերը պետությունից չթաքցնեն իրենց իրական ֆինանսական հոսքերը եւ դուրս գան ֆոնդային շուկա, ապա կարող են անհամեմատ ավելի մեծ շահույթներ ստանալ, քան այն միջոցները, որոնք գրպանում են «ստվերում» աշխատելու հաշվին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ NASDAQ OMX-ն առաջարկել է որոշակի հարկային արտոնություններ սահմանել այն ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն վերակազմավորվել ԲԲԸ-ի` բորսա մուտք գործելու նպատակով: Վարչապետն ասել է, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն կատարված են, եւ հույս է հայտնել, որ դրանք արդյունք կտան:

Դիտում՝ 12962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW