Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանն ունի ինտելեկտուալ եւ արտադրական ներուժ, որը կարելի է օգտագործել ի շահ ԱՊՀ-ի: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունում, այդ մասին Երեւանում ԱՊՀ անդամ երկրների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստի ընթացքում ասել է Ռուսաստանի` ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովը: Նա նշել է, որ դա, իր հերթին, Հայաստանին կտա նոր աշխատատեղեր եւ կհամալրի բյուջեն: «ԱՊՀ երկրների համագործակցության առավելությունները նորարարությունների ոլորտում բազմիցս քննարկվել են երկրների ղեկավարների կողմից: Նախեւառաջ, դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ունենալ առաջընթացային արդյունավետություն ԱՊՀ երկրների ընդհանուր ներուժի միավորման հաշվին. ինքնաթիռա եւ նավաշինություն, էներգետիկա, էներգամատակարարում, տիեզերք եւ բիոտեխնոլոգիաներ»,- ասել է Իգոր Մորոզովը: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքերով, «Հայաստանում կա «ՌԱՕ Մարս»-ը, որում այժմ տնտեսությունը «ջերմանում» է, մենք կարող ենք այն ուժեղացնել Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ռեսուրսների սիներգետիկ ներգրավման հաշվին, ինչը կարող է տալ իրական նախագծեր, որոնք հետաքրքիր կլինեն ԱՊՀ շատ տնտեսությունների»: ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանի կարծիքով, նախկին կապերի վերականգնումը եւ նորերի հաստատումը մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման համար: «Սա հերթական քննարկում է, որի ընթացքում մենք կընդհանրացնենք նախորդ հանդիպումների արդյունքները եւ կծրագրենք մեր հետագա քայլերը: Դրան է ուղղված նորաստեղծ Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնի գործունեությունը»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 11653