Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 106 մլրդ դրամի 2.301.660 գործառնություն: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 7.6 մլրդ դրամ: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործարքների 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտային գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 16.5%-ով: 2010թ. առաջին եռամսյակի վերջում շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը կազմել է 612 419, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 5,7%-ով (32 988 քարտով): 2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ, գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակը նախորդ կիսամյակի համեմատ աճել է 3.5%-ով (9926 քարտով)` կազմելով 292 090: Միջազգային համակարգերի քարտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.8%-ով (23 062 քարտով): Մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 4,3%-ով (8647 քարտով)` կազմելով 210 236, իսկ Master Card քարտերի թիվն ավելացել է 25.8%-ով (15 769 քարտով)` կազմելով 76 877: 2010թ. առաջին եռամսյակում քարտային գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 25%-ով, իսկ գործարքների թիվը` 28%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ArCa քարտերով կատարվել է 43 մլրդ դրամի 1 128 175 գործառնություն: Գործառնությունների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 12 մլրդ դրամով (կամ 38%-ով): Առաջին եռամսյակում VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ (689 353 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 14,6 մլրդ դրամ (279 803 գործառնություն): 2009թ. առաջին եռամսյակի համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են, համապատասխանաբար, 26.9%-ով եւ 9,6%-ով:Միջազգային այլ քարտերով 2010թ. առաջին եռամսյակում իրականացվել է 9 մլրդ դրամի 204 329 գործառնություն, ինչը 1,5 մլրդ դրամով զիջում է 2009թ. համանուն ցուցանիշին: 2010թ. առաջին եռամսյակի վերջին Հայաստանում պլաստիկ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել են 21 բանկեր, որոնցից 20-ը ArCa միասնական վճարային համակարգի անդամներ են: Tweet Դիտում՝ 10162