«Հյուսիս-Հարավ» միջանցքի առաջին հատվածների շինարարությունը կարող է սկսվել մինչեւ տարեվերջ

10.05.2010 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում մեկնարկել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացումը:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, արդեն կազմվել է ծրագրի իրականացման ժամանակացույցը ներառյալ նախապատրաստական փուլը, էկոլոգիական ազդեցության գնահատումը, նախագծումը:
 
Մրցութային հիմունքներով Ծրագրի իրականացման կազմակերպման /ԾԻԿ/ տնօրեն է ընտրվել Ֆելիքս Փիրումյանը, ով մինչեւ վերջերս զբաղեցնում էր ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Մինչեւ հունիսի կեսը ԾԻԿ-ի աշխատակազմն ամբողջությամբ կձեւավորվի:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $1 մլրդ 453 մլն, որից $500 մլն-ը Ասիական զարգացման բանկի կողմից կտրամադրվի առանձին տրանշերով` բազմաֆունկցիոնալ ֆինանսավորման կարգով: Առաջին տրանշը կկազմի $60 մլն:

Նախագծման աշխատանքները կատարվում են «Հայճաննախագիծ» ինստիտուտի կողմից: Դրանց ավարտից հետո այս տարվա երկրորդ կեսին կհայտարարվի Երեւան-Աշտարակ եւ Արարատ-Երեւան ավտոմայրուղիների վերակառուցման մրցույթը: Հնարավոր է` մինչեւ տարեվերջ կնքվեն պայմանագրերը եւ սկսվեն շինարարական աշխատանքները, նշել է Հրանտ Բեգլարյանը:

Զուգահեռաբար կսկսվեն նաեւ հաջորդ տրանշերի իրականացման նախապատրաստական աշխատանքները, որոնց ընդհանուր գումարը, նախնական գնահատականներով, կկազմի $440 մլն: Այս փուլում աշխատանքներ կիրականացվեն Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղում եւ ճանապարհային միջանցքի հարավային հատվածում:

Ծրագրի ընդհանուր իրականացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2017 թվականի վերջը: Ակնկալվում է, որ Երեւան-Գյումրի ավտոմայրուղու ողջ երկայնքով կգործի ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող քառագիծ երթեւեկություն:

Աշտարակ-Գյումրի հատվածում գործող ճանապարհը կրկնակի կընդլայնվի:

Հրանտ Բեգլարյանն ասել է, որ ծրագրի իրականացումը թույլ կտա զարգացնել ճանապարհային ցանցը, բարձրացնել անվտանգությունը եւ բարելավել ենթակառուցվածքն ու ճանապարհային կառավարման ներուժը` առաջատար միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ակնկալվում է ապրանքաշրջանառության եւ Եվրոպայի ու Ասիայի միջեւ տարանցիկ հաղորդակցության ծավալների աճ, բեռնափոխադրումների ծախսերի նվազեցում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարարը հայտնել է, որ ներկայումս Համաշխարհային բանկի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ընթանում են լրացուցիչ ներդրումների ներգրավմանն ուղղված բանակցություններ: Միաժամանակ, նա չի բացառել ծրագրի իրականացման ընթացքում նաեւ այլ դոնորների ներգրավման հնարավորությունը:

Դիտում՝ 13886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW