Երեւան/Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ տնօրենների խորհուրդն ավարտել է ՀՀ տնտեսական գործունեության ցուցանիշների երրորդ քննարկումը եւ որոշել է երկրին անհապաղ հատկացնել $73.6 մլն: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱՄՀ մամուլի ծառայությունում, այսպիսով, ԱՄՀ հետ պահուստային վարկավորման մասին (Stand-By Arrangement) համաձայնագրի շրջանակներում Հայաստանին հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է $532.2 մլն: ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նշել է ՀՀ կառավարության հաջող գործողությունները ԱՄՀ հետ պահուստային վարկավորման մասին պայմանագրի շրջանակներում: Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ տնտեսությունն արդեն անցել է ճգնաժամի հատակը եւ վերականգնվում է, «ինչին հաջողվել է հասնել օժանդակող դրամավարկային եւ հարկային քաղաքականության շնորհիվ»: Մուրիլո Պորտուգալը նշել է տնտեսական վերականգնմանը հետագա աջակցության եւ արտաքին ռիսկերին դիմակայելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել է նաեւ ՀՀ իշխանությունների հավատարմությունը հարկային քաղաքականության եւ վարչարարության, ինչպես նաեւ հասարակական-պետական ծախսերի եւ երկրի արտաքին պարտքի կառավարման ոլորտներում բարեփոխումները շարունակելուն: ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալը նկատել է, որ ՀՀ դրամավարկային քաղաքականությունը դառնում է ավելի չեզոք գնաճային ռիսկերը զսպելու նպատակով, իսկ ՀՀ ֆինանսական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում դրամավարկային գործիքների ուժեղացման նպատակով: «Երկրի ֆինանսական հատվածը մնում է հուսալի եւ լավ կապիտալացված, իշխանություններն ուժեղացրել են իրենց պատրաստվածությունը ճգնաժամին, սակայն երկիրը պետք է շարունակի բարեփոխումները` արտաքին ռիսկերին դիմակայելու նպատակով»,- ամփոփել է Մուրիլո Պորտուգալը: Նախորդ տարվա մարտին ԱՄՀ-ն որոշում էր կայացրել Հայաստանին հատկացնել $540 մլն վարկ: Հունիսին ԱՄՀ-ն հավանության էր արժանացրել ՀՀ պահուստային վարկը մինչեւ $822,7 մլն ավելացնելը: Պահուստային վարկերի մասին պայմանագրերի համաձայն, ԱՄՀ անդամ երկիրը կարող է նախանշված ժամանակահատվածում եւ համաձայնեցված գումարի սահմաններում ազգային արժույթի դիմաց ստանալ արտարժույթ` վճարային հաշվեկշռի պակասորդը ֆինանսավորելու նպատակով: Tweet Դիտում՝ 10167