Երեւան/Մեդիամաքս/. Ֆինանսական համակարգի ապադոլարիզացմանն ուղղված Կենտրոնական բանկի /ԿԲ/ միջոցառումները չեն կարող բացասաբար ազդել ՀՀ տնտեսության հետճգնաժամային վերականգնման վրա, ասել է «Պրոմեթեյ Բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի այն հարցին, թե տնտեսության վրա ինչպես կանդրադառնան ապադոլարիզացմանն ուղղված միջոցառումները, Էմիլ Սողոմոնյանը վստահություն է հայտնել, որ դրանք անցկացվում են «հենց տնտեսվարող սուբյեկտերի շահերից ելնելով»: «Եթե նույնիսկ Կենտրոնական բանկի միջոցառումներում կա որեւէ բացասական կողմ, ապա դա միայն բանկերի համար է»,- ասել է Էմիլ Սողոմոնյանը` հավելելով, որ ոչ մի բանկի մոտ, այնուամենայնիվ, չի կարող որեւէ խնդիր առաջանալ նույնիսկ այն դեպքում, եթե ԿԲ-ն որոշի էլ ավելի խստացնել ապադոլարիզացմանն ուղղված միջոցառումները: Էմիլ Սողոմոնյանը վստահություն է հայտնել, որ ԿԲ քայլերը չեն հանգեցնի բանկային տոկոսադրույքների աճին: «Բանկերը բավականին շատ ազատ իրացվելիություն ունեն, ինչը նրանց թույլ է տալիս հետեւողականորեն նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, մասնավորապես, «Պրոմեթեյ Բանկը» այսօր տրամադրում է բիզնես վարկեր տարեկան 13% տոկոսադրույքով, ինչը չկար նույնիսկ մինչեւ ճգնաժամը»,- ասել Է Էմիլ Սողոմոնյանը: «Պրոմեթեյ Բանկի» ղեկավարի խոսքերով, չնայած Հայաստանում ճգնաժամը դեռ չի ավարտվել, այնուամենայնիվ, բանկային հատվածում շարունակում է դիտարկվել տոկոսադրույքների նվազեցում: ԿԲ ապադոլարիզացմանն ուղղված միջոցառումները ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանել են նաեւ «Արդշինինվեստբանկ»-ում եւ «ԲՏԱ Բանկ»-ում: «Մենք ողջունում ենք ֆինանսական համակարգում դոլարիզացման մակարդակի նվազեցմանն ուղղված ԿԲ քայլերը եւ վստահ ենք, որ այդ միջոցառումները զգալիորեն կնպաստեն տնտեսական աճին»,- հայտնել են «Արդշինինվեստբանկ»-ում: «ԲՏԱ Բանկ»-ում եւս ողջունել են ԿԲ միջոցառումները` դրանք համարելով ժամանակին: ԿԲ խորհրդի որոշումների համաձայն, այս տարվա ապրիլի 14-ից ուժի մեջ կմտնեն արտարժույթով ավանդների պարտադիր պահուստավորման կառուցվածքի փոփոխությունները. բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների 12%-ի պարտադիր պահուստավորումը ԿԲ-ում մասնակիորեն կպահուստավորվի դրամով: Արտարժույթով ակտիվների ռիսկի կշիռը բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում 100%-ից բարձրացվել է մինչեւ 150%, ինչը նշանակում է, որ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի արտարժույթով տրված վարկի 18%-ը (ներկայիս 12%-ի փոխարեն): ԿԲ խորհրդի մեկ այլ որոշման համաձայն, այս տարվա ապրիլի 14-ից մինչեւ հուլիսի 31-ը բանկերի կողմից արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում կգործի կապիտալի նկատմամբ բանկերի երկար արտարժութային դիրքերի 7-տոկոսանոց սահմանափակում, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից այդ սահմանափակումը կհաստատվի բոլոր բաց դիրքերի համար: Tweet Դիտում՝ 17133