Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. 4-րդ եռամսյակի վերջում ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 5 մլրդ 149 մլն դրամ` 3-րդ եռամսյակի համեմատ կրճատվելով 5 մլրդ 659 մլն դրամով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում, 2009թ. 4-րդ եռամսյակում 3-րդի համեմատ 2 մլրդ 896 մլն դրամով կրճատվել է նաեւ երկարացված վարկերի ծավալը` կազմելով 16 մլրդ 861 մլն դրամ: Ժամկետանց եւ երկարացված վարկերի տեսակարար կշիռը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում տարեվերջին կազմել է, համապատասխանաբար, 0.69% եւ 2.26%: Միաժամանակ, հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը նախորդ տարվա 4-րդ եռամսյակում երրորդի համեմատ ավելացել է 51 մլրդ 295 մլն դրամով` կազմելով 746 մլրդ 860 մլն դրամ: ՀՀ բանկային համակարգում ավանդների ծավալը տարեվերջին կազմել է 656 մլրդ 990 մլն դրամ` երրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 14 մլրդ 198 մլն դրամով: Արտարժույթով ավանդները տարեվերջին կազմել են 482 մլրդ 162 մլն դրամ (73%), իսկ ազգային արժույթով` 174 մլրդ 828 մլն դրամ (27%): ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելը 2009թ. վերջում կազմել է 50 մլրդ 316 մլն դրամ` 3-րդ եռամսյակի համեմատ կրճատվելով 276 մլն դրամով: Tweet Դիտում՝ 9953