Ռ.Քոչարյան. “Անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը բնակարանի պահանջարկի պահպանման վրա”

23.03.2010 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման վրա կոնտրոնացնելու անհրաժեշտության մասին:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը Ռոբերտ Քոչարյանին խնդրել էր մեկնաբանել հրապարակումներն այն մասին, որ ՀՀ տնտեսության կտրուկ անկման պատճառը դարձել է շինարարության չափազանց բարձր տեմպը նրա կառավարման տարիներին: Երկրորդ նախագահը նաեւ կարծիք է հայտնել շինարարական ոլորտում տիրող իրավիճակի եւ դրա կայունացման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի հիփոթեքային ճգնաժամը Հայաստանի տնտեսության հետ ուղղակիորեն կապելու ավելի հաճախակի դարձած փորձերին:

Ստորեւ ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի ամբողջական պատասխանը.

«Ցավոք, տնտեսությունը հաճախ վերլուծում են դրա մասին աղոտ պատկերացում ունեցող մարդիկ: Չի կարելի մեխանիկորեն համեմատել ՀՀ շինարարական տեմպերը ԱՄՆ-ի հիփոթեքային պղպջակի հետ: Ամերիկայում բանկերը տալիս էին վերադարձելիության առումով կասկածելի հիփոթեքային վարկեր` դրան հաջորդող պարտավորությունների վերավաճառքով երկրորդային շուկայում: Դա հնարավոր էր ԱՄՆ արժեթղթերի շուկայի նկատմամբ մեծ վստահության եւ համաշխարհային ֆինանսական շուկաներում ազատ իրացվելիության արդյունքում: Հայաստանում այդ երեւույթն առհասարակ չկար եւ չէր ել կարող լինել` ֆինանսական գործիքների եւ արժեթղթերի շուկայի թերզարգացվածության պատճառով: Շինարարությունն իրական էր, իսկ վարկերը ապահովում էին դրա միայն փոքր ծավալը (10%-ից պակաս): Այսինքն, շինարարությունն ու հիփոթեքը ոչ մի կերպ չէին կարող վնասել երկրի ֆինանսական համակարգին:

Շինարարության ծավալների մասին: Այո, այն ձեւավորում էր ՀՆԱ ավելի քան 20%-ը, սակայն շատ է դա, թե քիչ ֆիզիկական ծավալների իմաստով, պետք է գնահատել ոչ թե ՀՆԱ տոկոսներով, այլ երկրում բնակարանների, գրասենյակային եւ առեւտրային տարածքների իրական պահանջարկով: Թող ընթերցողը պարզապես հաշվի, թե բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քանի ընտանիք է ճանաչում անձամբ ինքը: Դա թույլ կտա որոշակի պատկերացում կազմել երկրում բնակարանի հետ կապված իրավիճակի մասին: Ավելացրեք հնացած եւ վթարային շենքերի քանակի բնական աճը, նոր ընտանիքները եւ այլն: Վստահեցնում եմ` պահանջարկը հսկայական է, եւ տնտեսության աճին զուգահեռ` ավելի ու ավելի շատ մարդիկ հնարավորություն կստանային ընդգրկվել հիփոթեքային ծրագրերում, նշանակում է` բնակարանաշինությունը կշարունակեր բարգավաճել:

Հարաբերական միավորներով գրասենյակային տարածքների քանակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին տեղերից մեկում: 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երեւանում կառուցվել է վարձակալության համար նախատեսված ընդամենը 5-6 գրասենյակային շենք: Մնացած բոլորը մի կերպ հարմարեցված շինություններ են` հեռու ժամանակակից պահանջներից: Մենք շատ հետ ենք եվրոպական երկրներից նաեւ ժամանակակից առեւտրային հրապարակների տեսանկյունից: Այսինքն, շինարարության տեմպը երկար տարիներ պահպանելու ներուժը հսկայական է: Զարմանալի է` ինչպե՞ս կարելի է դա չհասկանալ:

Քննադատների տրամաբանությամբ, անհրաժեշտ էր արհեստականորեն արգելակել շինարարությունը հնարավոր ճգնաժամերի ակնկալիքով: Այդ տրամաբանությամբ ճապոնացիները պետք է կրճատեին ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի, գերմանացիները` հաստոցների, սարքավորումների, չինացիները` տեքստիլի արտադրությունը եւ այդպես շարունակ` միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում պահանջարկի հնարավոր անկումը կարող էր անդրադառնալ նրանց եկամուտների վրա: Դա դեպրեսիվ մտածելակերպ է: Մենք խոսում ենք տնտեսության իրական հատվածի, այլ ոչ թե ֆինանսական սպեկուլյացիաների մասին: Երկրները տասնամյակներ շարունակ իրենց դիրքավորել են համաշխարհային տնտեսության կոնկրետ հատվածներում, աճեցրել են կադրային եւ տեխնոլոգիական ներուժը` կողմնորոշվելով իրենց բնական առավելությունների վրա եւ ձեւավորելով նոր մրցակցային առավելություններ: Ճգնաժամի պատճառով արդեն իսկ ստեղծվածիծ ոչ ոք չի հրաժարվելու: Նրանք կկատարելագործվեն, կբարձրացնեն բիզնեսի արդյունավետությունը, կկրճատեն ծախսերը, կյուրացնեն նոր տեխնոլոգիաներ մրցունակության բարձրացման համար:

Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք: 1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%: Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով «սեւ» օրվա համար:

Ի դեպ, հենց դա հնարավորություն տվեց ՀՀ նոր իշխանություններին ծախսել խնայողությունները եւ նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար: Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչեւ ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի:

Կարելի՞ էր արդյոք խուսափել շինարարության ոլորտում այդպիսի անկումից: Կարծում եմ` այո, սակայն դա առանձին եւ շատ լուրջ խոսակցության առարկա է, թեեւ հայտնի է, որ պատմությունը ենթադրություններ չի ընդունում: Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձեւով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարեւոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռեւս նոր էր շարժվում դեպի Հայաստան»: 

Դիտում՝ 16683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW