ԿԲ-ն ներկայացրել է ֆինանսական համակարգի ապադոլարիզացմանն ուղղված քայլերը

11.03.2010 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարում Կենտրոնական բանկը /ԿԲ/ կձեռնարկի  ՀՀ բանկային համակարգի ապադոլարիզացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը եւ ԿԲ ֆինանսական համակարգի եւ ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: 

Նախատեսվում է, որ ապրիլի 14-ից ուժի մեջ կմտնեն արտարժույթով ավանդների պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունները:

“Արտարժույթով ավանդների պարտադիր պահուստավորման նորմը կազմում է 12%, իսկ դրամական ավանդներինը` 8%: Դա նշանակում է, որ բանկերը ԿԲ-ում պահուստավորում են 12%` արտարժույթով ներգրավված եւ 8%` դրամով ներգրավված յուրաքանչյուր ավանդից: Արտարժույթով ավանդի դեպքում միջոցները պահուստավորվում են արտարժույթով, դրամային ավանդի դեպքում` դրամով”,- ասել է Արթուր Ստեփանյանը` տեղեկացնելով, որ փոփոխությունների արդյունքում արտարժույթով պահուստավորվող գումարի մեկ քառորդը (ավանդի ընդհանուր գումարի 3%-ը) կպահուստավորվի դրամով:

“Մենք մտադիր ենք շարունակել քայլերն այդ ուղղությամբ եւ մի քանի ամիս անց բանկերին կպարտավորեցնենք դրամով պահուստավորել արժութային ավանդի12%-ի կեսը”,- ասել է Արթուր Ստեփանյանը:

Վահե Վարդանյանը նշել է նախորդ տարվա վերջում ներդրված` երկար արտարժութային դիրքեր ունենալու բանկերի հնարավորությունների սահմանափակման նորմատիվների դրական արդյունքները:

“Դրանով մենք նպատակ ենք հետապնդել սահմանափակել արտարժույթի շուկայում սպեկուլյատիվ քայլեր կատարելու բանկերի հնարավորությունները եւ տնտեսության մեջ ձեւավորել ոչ իրատեսական բացասական սպասումներ: Դա մեզ հաջողվեց, մենք ներդրեցինք արտարժութային երկար դիրքերի 7%-ի պահանջը, որից հետո արտարժույթի շուկայում սպեկուլյացիաները զգալիորեն կրճատվեցին”,- ասել է Վահե Վարդանյանը` հայտնելով, որ ապրիլի 26-ից ուժի մեջ է մտնելու մի նորմատիվ, որը 7%-անոց սահմանափակում կներդնի նաեւ բանկերի արտարժութային կարճ դիրքերում:

Վահե Վարդանյանը նշել է, որ կախված կոնկրետ իրավիճակից` ԿԲ Խորհուրդը կարող է մեղմացնել կամ խստացնել պահանջներն այդ նորմատիվի նկատմամբ:

ԿԲ-ն մտադիր է նաեւ փոփոխություններ կատարել կապիտալի համարժեքության նորմատիվում, որը ենթադրում է, որ բանկերն իրենց ռիսկ պարունակող ակտիվների համար պետք է տիրապետեն համապատասխան կապիտալի:

“Եթե նախկինում արտարժույթով բիզնես-վարկերի ռիսկի կշիռը կազմում էր 100%, ինչը ենթադրում էր, որ բանկը պետք է սեփական կապիտալից ապահովի այդ վարկի 12%-ը` հնարավոր կորուստները ծածկելու համար, ապա այժմ ռիսկի կշիռն աճում է մինչեւ 150%, ինչը նշանակում է, որ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի վարկի 18%-ը”,- ասել է Վահե Վարդանյանը:

Նա նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած արժեզրկման արդյունքում արձանագրվել է արտարժույթով տրամադրված վարկերի ռիսկերի զգալի աճ, եւ բանկային համակարգում առաջին կիսամյակում անորակ ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 10%:

Վահե Վարդանյանը վստահություն է հայտնել, որ ԿԲ նման քայլը կզսպի արտարժույթով ակտիվ վարկավորումը շարունակելու եւ ոչ դրամային միջոցներ ներգրավելու բանկերի ցանկությունը:

“Հնարավոր է` որոշ ժամանակ անց մենք կտեսնենք արտարժույթով ավանդների տոկոսադրույքների նվազեցում, ինչն արդյունքում կհանգեցնի դրական արդյունքների դոլարիզացման դեմ պայքարում”,- ասել է Վահե Վարդանյանը:

Նա վստահություն է հայտնել, որ նշված փոփոխությունների արդյունքում բանկերը չեն բախվի խնդիրների` նշելով, որ այդ նպատակով ԿԲ-ն ներկայումս անցկացնում է սթրես-թեստեր յուրաքանչյուր բանկի համար:

Դիտում՝ 15609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW