Երեւան /Մեդիամաքս/. Հայ ազգային կոնգրեսը /ՀԱԿ/ այսօր Երեւանում ներկայացրել է “100 քայլ” սոցիալ-տնտեսական ծրագիրը: Ինչպես հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ծրագիրը կազմվել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի կողմից` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ եւ հանդիսանում է երկրում ՙստվերային կառավարության՚ ձեւավորման քայլերից մեկը: Ծրագրի իրականացումը հաշվարկված է 5-ից 10 տարի ժամանակահատվածում եւ նախատեսում է “անցում օլիգարխային տնտեսական համակարգից փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչը թույլ կտա ապահովել հարյուր հազարավոր աշխատատեղեր”: Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է խոշոր ձեռնարկությունների առաջավոր հարկահավաքում, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի կրճատում, արտահանման խթանում, բանկերի եւ խոշոր ՓԲԸ-ների վերածում ԲԲԸ-ների, արժեթղթերի շուկայի ակտիվացում, ստվերային տնտեսության ծավալների արմատական կրճատմանն ուղղված կոնկրետ քայլեր, բնական մենաշնորհների ծառայությունների գների վերանայում: ՀԱԿ-ի համակարգողի խոսքերով, ՀՀ կառավարությունը հազիվ թե ձեռնամուխ լինի “օլիգարխների շահերի դեմ ուղղված” “100 քայլ”-ի իրականացմանը: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ “Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է աղետալի վիճակում, ինչը կարող է հանգեցնել գործող կառավարության անկմանը”: Tweet Դիտում՝ 11581