Երեւան /Մեդիամաքս/. Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009 թվականը բավական հաջող էր «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի համար, այսօր Երեւանում հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Արմեն Մելիքյանը նշել է, որ 2008թ. համեմատ 2009 թ-ին արձանագրվել է բորսայական շուկայում կորպորատիվ պարտատոմսերի զգալի աճ (շրջանառության ծավալը կազմել է 10.55 մլրդ դրամ` 2008թ. համեմատ ավելանալով 4.7 անգամ), շրջանառության 43%-ոց աճ է գրանցվել պետական պարտատոմսերի շուկայում (2.4 մլրդ դրամ), 2008թ. դեկտեմբերին գործարկված ռեպո գործարքներով շրջանառությունը բորսայի հարթակում հասել է 5 մլրդ դրամի: «Ինչպես եւ նախորդ տարիներին, բորսայում ամենաթույլ ակտիվությունն ունեցել է բաժնետոմսերի շուկան, որտեղ 2009 թվականին կնքված գործարքների քանակը կազմել է 98 մլն դրամ` 2008թ. համեմատ կրճատվելով 63%-ով»,- ասել է Արմեն Մելիքյանը: Նա ասել է, որ ֆոնդային շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա արդյունքներով 2008թ. համեմատ կրճատվել է ընդամենը 1.7%-ով` կազմելով 53.1 մլրդ դրամ: Արմեն Մելիքյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շարունակական ազդեցության պայմաններում կապիտալիզացիայի գրեթե անփոփոխ մակարդակը վկայում է այն մասին, որ ճգնաժամը չի հանգեցրել անկման ֆոնդային բորսայում, այլ միայն դանդաղեցրել է դրա զարգացումը: 2009թ. բորսայում ցուցակվել են կորպորատիվ պարտատոմսերի 4 նոր թողարկումներ, ինչպես նաեւ կայացել է Հայաստանում առաջին IPO-ն: Անդրադառնալով արտարժույթի բորսայական շուկային` Արմեն Մելիքյանն ասել է, որ այդ հարթակում առեւտրի ծավալը 2009 թվականին դրամային արտահայտությամբ կազմել է 372.93 մլրդ` 2008թ. համեմատ ավելանալով 10%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է մարտի ամսին դրամի արժեզրկմամբ: Խոսելով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի /ՀԿԴ/ գործունեության մասին` Արմեն Մելիքյանն ասել է, որ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը տարեվերջին կազմել է 156 430, որից 2540-ը 2009թ. ընթացքում բացված նոր հաշիվներ են, իսկ ՀԿԴ-ի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը 2009թ. ավելացել է 370-ով` տարեվերջին կազմելով 1524: Անցյալ տարի ՀԿԴ-ն ակտիվ համագործակցել է ՀՀ կառավարության հետ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման բնագավառում, որին 2011թ. հունվարին անցման հետ բորսան կապում է բաժնետոմսերի շուկայի ակտիվացման հույսերը: Պատասխանելով ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկայում պասիվության մասին հարցին` Արմեն Մելիքյանն ասել է, որ հիմնական պատճառներից մեկը թողարկողների կողմից տեղեկատվության տրամադրման ոչ բավարար մակարդակն է, ինչպես նաեւ հասարակության հետ թողարկողների թույլ կապը: Tweet Դիտում՝ 12894