Երեւան /Մեդիամաքս/. Gallup-ի հարցման համաձայն, ՀՀ-ում հարցվածների 53%-ը գերադասում են խնայողությունները պահել ազգային արժույթով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով հետխորհրդային 15 երկրներում Gallup-ի անցկացրած հետազոտությունը, պատասխանելով այն հարցին, թե որ արժույթն է ավելի շահութաբեր եւ հուսալի խնայողությունները պահելու տեսանկյունից` ազգային արժույթը, դոլարը թե եվրոն, Հայաստանում հարցված քաղաքացիների 14%-ը նախապատվությունը տվել է դոլարին, 18%-ը` եվրոյին: Միաժամանակ, խնայողությունները պահելու համար ազգային արժույթը նախընտրելու մակարդակով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Թուրքմենստանին ու Ադրբեջանին, որոնց բնակիչների վստահությունը ազգային արժույթների նկատմամբ կազմում է, համապատասխանաբար, 79% եւ 69%: Դոլարի եւ եվրոյի նկատմամբ վստահության աստիճանով Հայաստանը զբաղեցրել է, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերը: «Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիները դեռեւս մեծ վստահություն են ցուցաբերում իրենց ազգային արժույթների նկատմամբ, չնայած այդ երկրների արժույթներն այս տարի արժեզրկվեցին»,- ասվում է Gallup-ի հետազոտության մեջ: Tweet Դիտում՝ 10895