Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար նախատեսված հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույցի» շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ներկայացնելով ուղեցույցը` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի /ՓՄՁ ԶԱԿ/ տնօրեն Իշխան Կարապետյանն ասել է, որ ՓՄՁ համար հարկային հաշվառման առաջին պարզեցված ուղեցույցը հրապարակվել է 2008 թվականին` ՓՄՁ ԶԱԿ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցությամբ: Իշխան Կարապետյանի խոսքերով, ուղեցույցի նորացված տարբերակը հրատարակելու մասին որոշում է կայացվել` հաշվի առնելով դրա բարձր պահանջարկը եւ ՓՄՁ ոլորտը կարգավորող, վերջերս կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները: Ուղեցույցում, մասնավորապես, ներկայացված են հարկային հաշվառման նոր մոտեցումները, բերված են օրինակներ, որոնք բացատրում են օրենքի դրույթների կիրառման առանձնահատկությունները: Ուղեցույցում մանրամասն ներկայացված են մի շարք հաշվետվությունների կազմման ընթացակարգերը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է նման նախաձեռնության, ինչպես նաեւ հարկային կարգավորման բարելավմանն ու ձեռնարկատիրության ճանապարհին վարչական խոչընդոտների կրճատմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության կարեւորությունը: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է այդ ոլորտում դեռեւս առկա թերությունների վերացման անհրաժեշտությունը` ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ Համաշխարհային բանկի վերջին վարկանիշում (Doing Business) բիզնես վարելու պարզության ցուցանիշով Հայաստանը հարկային հաշվառման ընթացակարգերի պարզությամբ զբաղեցնում է 153-րդ տեղը 180 երկրների թվում: Ուղեցույցը մշակվել է Logicon Developments ընկերության կողմից` ՓՄՁ ԶԱԿ նախաձեռնությամբ, փորձաքննություն է անցել ՀՀ Հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում, ՓՄՁ ԶԱԿ Հաշվապահական կենտրոնում, ինչպես նաեւ ՀՀ Պետեկամուտների կոմիտեում: Ուղեցույցը հրատարակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Իշխան Կարապետյանը նշել է, որ ուղեցույցը նախատեսված չէ վաճառքի համար, եւ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել այն անվճար` այցելելով ՓՄՁ ԶԱԿ գլխավոր գրասենյակ կան մասնաճյուղեր եւ հաշվապահական կենտրոն` ներկայացնելով մասնավոր ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի կնիքը (իրավաբանական անձանց համար) կամ պատճենը: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՓՄՁ ԶԱԿ ինտերնետային կայքում (www.smednc.am): Tweet Դիտում՝ 19414