Երեւան /Մեդիամաքս/. Կարելի է վստահորեն պնդել, որ Ճանապարհային Ոստիկանության տուգանքների վճարման Telcell-ի նախագիծը հաջողվել է: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է “Թել-Սել” ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: Նոյեմբերի 30-ին Telcell վճարային համակարգը հայտարարել էր ինքնասպասարկման տերմինալների միջոցով Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարման նոր ծառայության գործարկման մասին: “Առաջին երկու շաբաթների ընթացքում գրանցված հաճախորդների քանակը գերազանցեց ամենալավատեսական կանխատեսումները”,- ասել է Արամ Ազատյանը: Գրանցվել կարելի է Telcell-ի հաճախորդների սպասարկման կենտրոն զանգահարելով. ողջ ընթացակարգը զբաղեցնում է 30 վայրկյան: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն էր Ճանապարհային ոստիկանության ղեկավարության արձագանքը Telcell-ի նորարարական առաջարկի նկատմամբ, Արամ Ազատյան ասել է. “Մենք արեցինք առաջարկը, կատարեցինք փորձնական ծրագրի շնորհանդեսը, եւ համաձայնագիրը ստորագրվեց: Ճանապարհային ոստիկանությունում կան պրոֆեսիոնալներ, ովքեր միանգամից հասկացան ինքնասպասարկման տերմինալների միջոցով տուգանքների վճարման առավելություններն ու հարմարավետությունը, եւ համատեղ ջանքերով մենք կարողացանք հասնել արդյունքի: Առիթից օգտվելով` կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին համագործակցության համար”: “Թել-Սել” ՓԲԸ գործադիր տնօրենը նշել է, որ նախագիծը շատ բարդ եւ ոչ ստանդարտ է եղել: “Դրա իրականացման գործընթացում լուծվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տուգանքների վճարման միասնական համակարգի ստեղծումը վճարողների ակնթարթային գրանցմամբ, դրամական միջոցների փոխանցումը պետբյուջե, տվյալների փոխանցումը Ճանապարհային ոստիկանության տվյալների բազա եւ այլն”,- ասել է Արամ Ազատյանը: Նա հիշեցրել է, որ տուգանքները վճարելով Telcell տերմինալների միջոցով` անհրաժեշտություն չի առաջանում վճարման անդորրագիրը ներկայացնել Ճանապարհային Ոստիկանություն: Tweet Դիտում՝ 9499