«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» կառաջարկի միջբանկային վարկային ռեսուրսների նոր բորսայական հարթակ

26.11.2009 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 16-ին կայացած «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի նիստը հաստատել է բորսայի մի շարք նոր կանոնների նախագծեր և գործող կանոնների լրացումներ և փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն ՀՀ Կենտրոնական բանկում սահմանված կարգով գրանցվելուց հետո:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով ֆոնդային բորսայի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչությունը պարզաբանել է խորհրդի որոշումները: 

Մասնավորապես, նախատեսվող նորամուծություններից մեկը լինելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից միջբանկային վարկային ռեսուրսների նոր բորսայական հարթակի գործարկումը: Հարթակում առևտրին մասնակցելու իրավունք կունենան բոլոր առևտրային բանկերը: Այս հարթակի գործարկմամբ բորսան շուկայի մասնակիցներին կառաջարկի նոր ծառայություն, որի պահանջարկն, ըստ բորսայի գնահատականների ներկայումս կազմում է օրական մոտ 1 մլրդ ՀՀ դրամ:

Վարկային հարթակում սկզբնական շրջանում շրջանառվելու է միայն ՀՀ դրամով օվերնայթ (overnight) մեկ օրանոց գործիքը. հետագայում նախատեսվում է ներդնել նաև ավելի երկարատև ֆինանսական գործիքներ: Այս հարթակում առևտուրն իրականացվելու է երկկողմանի անընդհատ աճուրդի եղանակով (արտարժույթի առևտրի նմանությամբ)` անանուն ռեժիմով: Հարթակում մասնակցել ցանկացող բանկերի համար կսահմանվի մասնակցության վճար, մինչդեռ հարթակում իրականացվող գործարքներից բորսայի կողմից գանձվող միջնորդավճարը չափազանց ցածր մակարդակի վրա կպահվի` վարկային ռեսուրսների գնի վրա որևէ ազդեցություն կանխելու նպատակով:

Այլ կանոններում փոփոխությունները ներառում են կորպորատիվ արժեթղթերի, ինչպես նաև պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկայում լրացուցիչ դեպոնացումների և ապադեպոնացումների մեխանիզմի ներդրումը, որը շուկայի մասնակիցներին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել բորսայական առևտրին իրենց մասնակցությունը և առևտրի համար նախատեսված միջոցների կառավարումը:

Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամները հնարավորություն կունենան բացի նախնական դեպոնացումից, լրացուցիչ դեպոնացում անցկացնել` ժամը 11:30-ին և 13:00-ին: Միաժամանակ նրանց հնարավորություն կընձեռվի առևտրային համակարգի միջոցով ապադեպոնացնել և իրենց հաշիվներին հետ ստանալ նախապես դեպոնացված միջոցները առևտրային նստաշրջանի ընթացքում երկու անգամ` ժամը 11:30-ին և 14:00-ին:

Պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկաներում մասնակիցները հնարավորություն կունենան գործող նախնական դեպոնացման և մեկ լրացուցիչ դեպոնացման հնարավորությունից բացի օգտվել նաև լրացուցիչ ևս երկու դեպոնացումների հնարավորությունից: Այսպիսով լրացուցիչ դեպոնացումները կկատարվեն ժամը 11:30-ին, 13:00-ին և 14:30-ին: Ապադեպոնացումների քանակը գործող երեքից կդառնա հինգ: Վերջին երկու ապադեպոնացումների ժամանակ ապադեպոնացված միջոցները կփոխանցվեն Բորսայի վարկային հարթակ, ինչը լրացուցիչ իրացվելիություն կհաղորդի վարկային շուկային և հնարավորություն կընձեռի շուկայի մասնակիցներին արդյունավետ կերպով օգտագործել ազատ դրամական ռեսուրսները: Այսպիսով ապադեպոնացումները կկատարվեն ժամը 11:30-ին, 12:30-ին, 14:00, 14:30-ին և 15:05-ին:

Նախատեսվում է նաև պետական պարտատոմսերով հետառևտրային նստաշրջանների (post-trade sessions) կազմակերպում, երբ առևտրային նստաշրջանի ավարտից հետո որոշ ժամանակահատվածում շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի պետական պարտատոմսեր գնել և վաճառել օրվա ընթացքում շուկայում ձևավորված միջին կշռված գներով: Այս մեխանիզմն արդեն ներդրված է և հաջողությամբ օգտագործվում է արտարժույթի շուկայում: 

Բացի նշված փոփոխություններից, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ խորհուրդի հավանությանն է արժանացել նաև վերահսկողության նոր հայեցակարգը, որը համապատասխանեցված է NASDAQ OMX-ի գլոբալ չափանիշներին: Բորսայի կողմից կապիտալի շուկայի նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթները կկենտրոնանան, առաջին հերթին, բորսայում իրականացվող գործարքների և այս առնչությամբ շուկայի մասնակիցների գործողությունների վրա, ինչը հնարավորություն  կընձեռի բարձրացնել բորսայի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունը և բացառել պոտենցիալ չարաշահումներ ենթադրող կամ ներքին (ինսայդերական) տեղեկատվության օգտագործմամբ կնքվող գործարքները:

Դիտում՝ 14377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW