Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսական շուկայում համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորումից հետո ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Ծաղկաձորում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը` հանդես գալով ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստում: “Հայաստանը իրականացնում է կենսաթոշակային բարեփոխումներ, եւ մենք մտադիր ենք 2011 թվականից անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի: Մենք բավականին լուրջ ենք վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին եւ չենք անտեսում նաեւ դրա մեծ օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում: Ներկայումս մշակման փուլում են գտնվում “Ներդրումային հիմնադրամների մասին” եւ “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքները: Համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեր ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ եւ իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդային կառավարիչները: Հուսով ենք, որ զարգացում կապրի նաեւ կյանքի ապահովագրության ոլորտը: Այսպիսով, բարեփոխման արդյունքում մեր ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ”,- ասել է Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 16304