Երեւան /Մեդիամաքս/. 2008-2009 ֆինանսական տարում Երեւանի կոնյակի գործարանին (ԵԿԳ, “ԱրԱրԱտ” ապրանքանիշ) հաջողվել է պահպանել նախորդ տարի գրանցված շուրջ 4 մլն լիտր ցուցանիշը, ինչպես նաեւ գրանցել արտահանման աննշան աճ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հուլիսի 30-ին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտնել է ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նա հայտնել է, որ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում ԵԿԳ-ի շահույթն ավելացել է 14%-ով` կազմելով 17 մլրդ դրամ: Գրիգորյանի խոսքերով, նման աճը հիմնականում պայմանավորված է ազգային դրամի արժեզրկմամբ: Արա Գրիգորյանն ասել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը գործարանի վրա արտահայտվել է ԵԿԳ-ի համար հիմնական հանդիսացող սպառման ռուսաստանյան շուկայում ակտիվության անկման տեսքով, ինչի արդյունքում ընկերությանը չի հաջողվել հասնել տարեսկզբին ակնկալվող շուրջ 18% աճի ցուցանիշին, իսկ հուլիսի 1-ից մեկնարկած 2009-2010 ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների տվյալներով ընկերությունում արդեն արձանագրվել է արտադրության շուրջ 50 տոկոսանոց անկում: Անդրադառնալով ճգնաժամից դուրս գալու ուղիներին` Արա Գրիգորյանն ընդգծել է ավելի ագրեսիվ մարքեթինգային քաղաքականության եւ Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում սպառման շուկաների աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը: Արա Գրիգորյանը տեղեկացրել է, որ գործարանը սկսում է խաղողի մթերումը առանց ճգնաժամի հետ կապված շտկումների` նախատեսելով մթերել 32 հազար տոննա խաղող, ինչը շուրջ 1000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերում ԵԿԳ-ն մթերումը սկսելու է, համապատասխանաբար, սեպտեմբերի 16-ից եւ 18-ից` խաղողի մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 130 դրամ, իսկ Տավուշի մասնաճյուղում` սեպտեմբերի 28-ից` մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 120 դրամ: Խոսելով նախորդ ֆինանսական տարում գործարանի նվաճումների մասին` Արա Գրիգորյանը նշել է, որ ԵԿԳ-ում ճգնաժամի հետեւանքով աշխատողների թվի կրճատում տեղի չի ունեցել, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: ԵԿԳ գործադիր տնօրենը հայտնել է նաեւ, որ այս տարվա հոկտեմբերից Տավուշում շահագործման է հանձնվելու թորման նոր արտադրամաս, ինչը խթան կհանդիսանա մարզում խաղողագործության զարգացման համար: Արա Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել են խոշոր ներդրումային ծրագրեր` ուղղված ընկերությունում զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ թանգարանի այցելուների թիվը կազմել է շուրջ 10 հազար: Tweet Դիտում՝ 10340