“Ընդլայնվում ենք` մի շարք նոր նախագծերի իրականացման նպատակով”

07.09.2009 | 21:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Telcell վճարային համակարգի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ինչպե՞ս է անդրադարձել ճգնաժամը ձեր ընկերության վրա: Ընդունված է կարծել, որ ճգնաժամի ժամանակ մարդիկ ձգտում են կրճատել իրենց ծախսերը, օրինակ, բջջային հեռախոսակապի վրա:

- 2008թ. վերջին մենք սկսեցինք կազմել ընկերության 2009թ. ծրագրերը` ելնելով երկու սցենարներից` լավատեսական եւ հոռետեսական: Հունվարն ու փետրվարը բարդ ամիսներ էին, որոնք համապատասխանում էին հոռետեսական կանխատեսումներին: Մարտին իրադրությունը սկսեց կայունանալ, իսկ ապրիլին մենք արդեն ցուցադրեցինք լավ աճ:

Ապրիլից մինչեւ օգոստոս վճարումների աճի դինամիկան կայուն դրական էր, եւ 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմեց ավելի քան 75 %:

- Ինչպիսի՞ն է աճի կառուցվածքը, ինչի՞ հաշվին է այն ապահովվում:

- Նախորդ տարի Telcell-ի ցանցում կատարված վճարումների համապատկերում բջջային օպերատորների մասնաբաժինը հասնում էր 85 տոկոսի: Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք շուկայի զարգացումներին. ի՞նչ կլինի բջջային օպերատորների հետ, ինչպիսի՞ն են նրանց ֆինանսական ցուցանիշները եւ այլն: Միաժամանակ, տարեսկզբից մենք սկսել ենք մեծ ուշադրություն դարձնել բնակչությանն այս կամ այն ծառայություններն առաջարկող նոր օպերատորների միացմանը, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր համակարգի միջոցով կատարվող վճարումները: Կարելի է ասել` մեզ դա հաջողվել է, եւ արդեն այսօր բջջային օպերատորների մասնաբաժինը վճարումների ընդհանուր զամբյուղում կրճատվել է մինչեւ 60 տոկոս: 

Այս տարի մեզ են միացել ավելի քան 10 օպերատորներ, որոնց թվում են ինտերնետային եւ IP ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններ` Arminco-ն եւ Unitel-ը: 2010 թվականին մենք ակնկալում ենք պրովայդերների ակտիվացում, որոնք ինտերնետային ծառայություններ են մատուցում WiMAX տեխնոլոգիայի հիման վրա, ինչպես նաեւ մտադիր են մտնել ֆիքսված հեռախոսակապի շուկա:

- Նախորդ տարի Telcell համակարգը սկսեց համագործակցել վարկային կազմակերպությունների եւ բանկերի հետ: Ինչպիսի՞ն է այդ համագործակցության դինամիկան:

- Բնականաբար, ճգնաժամի հետեւանքով ֆինանսական կազմակերպությունների բազմաթիվ ծրագրեր ժամանակավորապես դադարեցվեցին: Մենք պատրաստ ենք վերականգնել հեռանկարային նախագծերի քննարկումը ֆինանսաբանկային հատվածի ակտիվացումից հետո:

- Կարելի՞ է սպասել նոր դերակատարների մուտքն էլեկտրոնային վճարման ծառայությունների շուկա, կամ արդեն գոյություն ունեցողների համախմբմանը:

- Նոր դերակատարների մուտքն ինձ քիչ հավանական է թվում, քանի որ շուկան արդեն մեծամասամբ ձեւավորված է: Չեմ կարծում նաեւ, որ մոտ ապագայում շուկայում կարելի է սպասել կլանումների կամ միաձուլումների:

- Մինչեւ տարեվերջ մնում է 4 ամսից քիչ ժամանակ: Ի՞նչ հիմնական խնդիրներ է մտադիր լուծել Telcell-ն այդ ժամանակահատվածում:

- Մինչդեռ ճգնաժամի հետեւանքով շատ ընկերություններ կրճատում են իրենց հաստիքները, մենք, ընդհակառակը, ընդլայնվում ենք եւ աշխատանքի ենք ընդունում նոր մարդկանց` call-կենտրոնի օպերատորների, ծրագրավորողների, տեխնիկական մասնագետների, տարածքային մենեջերների:

Ի դեպ, օգտվելով առիթից, կցանկանայի ասել, որ հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել info@tel-cell.am հասցեին, ինչպես նաեւ ծանոթանալ մեր թափուր աշխատատեղերին, որոնք տեղադրված են Job.Banks.am կայքում: Կարող եմ վստահեցնել, որ մենք ուշադիր ուսումնասիրում ենք ենք բոլոր ռեզյումեները:

Մենք հաստիքներն ընդլայնում ենք մի շարք նոր ծրագրերի իրագործման նպատակով, որոնց բանակցային մասը գրեթե ավարտված է: Մասնավորապես, նախատեսում ենք վճարումներ ընդունել մունիցիպալ մանկապարտեզների, բժշկական եւ կրթական հաստատությունների օգտին: Արդեն ավարտվել են բանակցությունները բազմաթիվ կառույցների հետ, որոնց թվում են խոշորագույն մասնավոր եւ պետական բուհերը: Եկել է ծրագրային եւ տեխնիկական լուծումների մշակման ժամանակը, եւ դա մեզանից պահանջում է նոր մասնագետների ներգրավում:

Դիտում՝ 15877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW